‘
Բրազիլացի ուսուցիչների բողոքի ցույցերը Ռիո-դե- Ժանեյրոյում և Սան-Պաուլուում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով:
Ռիո-դե-Ժանեյրոյում խաղաղ երթի է դուրս եկել ավելի քան 10 հազար մարդ: Երթը տևել է մի քանի ժամ: Սակայն մութն ընկնելուն պես ցուցարարներից ոմանք ագրեսիվ քայլերի են դիմել: Առնվազն 20 անարխիստներ կոտրել են քաղաքային խորհրդի պարիսպները, մյուսները ներխուժել են բանկեր, կոտրել են բանկոմատները և հրկիզվող նյութերով լի շշեր են սկսել շպրտել: Այնուհետև ցուցարարներն այրել են մի ավտոբուս, բանկերի շենքերից դուրս բերել կահույքը և դրանով բարիկադներ են կառուցել: Ի պատասխան՝ ոստիկանությունըն արցունքաբեր գազ է կիրառել:
Սան-Պաուլուում նույնպես բողոքի ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ ընդհարումներով: Շատ բանկեր թալանվել են կապյուշոնների տակ թաքնված մարդկանց կողմից:
Այս լարվածությունը Բրազիլիայում ձեռնտու չէ այն քաղաքներին, որտեղ պիտի անցկացվեն եկող տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը և Օլիմպիադա-2016-ը:
Բրազիլիայի ուսուցիչներն արդեն երկու ամիս է՝ պայքարում են իրենց աշխատավարձերը բարձրացնելու համար: Իսկ թե ովքեր են և հատկապես ինչ են ուզում դիմակավորված երիտասարդները՝ հասկանալի չէ, սակայն նրանց ագրեսիվ պահվածքը կարող է ստիպել իշխանություններին՝ արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այդ ցույցերի նկատմամբ, փոխանցում է BBC-ն:
‘