‘Բրազիլիան հրաժարվել է ապաստան տրամադրել Սնոուդենին’

611

Բրազիլիան չի նախատեսում ապաստան տրամադրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, երեկ հաղորդել է Folha de S.Paulo թերթը՝ հղում անելով կառավարության աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ Բրազիլիայի իշխանությունները հետաքրքրված չեն ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսական գործունեության հետաքննությամբ:  Սնոուդենը Բրազիլիայի իշխանություններից խնդրել էր իրեն մշտական քաղաքական ապաստան տրամադրել՝ այդ հետաքննության հարցում օգնության դիմաց: Նման առաջարկ էր պարունակում Սնոուդենի «Բաց նամակը՝ բրազիլացի ժողովրդին», որը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին:

Պաշտոնապես՝ Բրազիլիայի իշխանությունները չեն հայտարարել Սնոուդենի դիմումը մերժելու մասին: Բրազիլիայի ԱԳՆ-ն միայն հայտարարել է, որ ապաստան տրամադրելու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացվել Սնոուդենից: Իր հերթին՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Բրազիլիային կոչ է արել «բազմակողմանիորեն դիտարկել» Սնոուդենի խնդրանքը՝ հավելելով՝ որ Սնոուդենի դիմումը փախստականների վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում քննարկելը «Բրազիլիայի միջազգային պարտավորությունն է»:

Մինչդեռ բրազիլացի մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր ընդդիմադիր են նախագահ Դիլմա Ռուսեֆին, նախազգուշացրել են, որ Սնոուդենին քաղաքական ապաստանի տարամադրումը կարող է ավելի սրել հարաբերությունները ԱՄՆ-ի՝ Բրազիլիայի առևտրային ամենագլխավոր գործընկերոջ հետ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բնապահպանները կոչ են անում հանգիստ թողնել Սևանը ‘
Հաջորդ հոդվածը‘Գյուղատնտեսական նշանակության հողերը մեկ տարում էժանացել են 3%-ով’