‘
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը պատմել է, որ երկրի նախագահի նստավայրում ինքը նույնպես որոշ փոփոխություններ է կատարել:
«Ես նույնպես որոշ բաներ փոխել եմ. պատուհաններն ազատել եմ ծանր վարագույրներից, որոնք մթնեցնում էին սրահները: Հիմա այնտեղ ավելի լուսավոր է, և տեսարանն ավելի բաց է»,- ասել է Ֆրանսիայի նախագահի տիկինը Point de vue-ին տված հարցազրույցում:
Տիկին Մակրոնի խոսքով՝ իր ամուսնու՝ նախագահ ընտրվելուց հետո իրենք երկար չեն մտածել՝ արդյո՞ք պետք է ապրեն Ելիսեյան պալատում: «Դա մեզ հնարավորություն է տալիս տեսնվել օրվա ընթացքում, հանդիպումների արանքում, և գրեթե ամեն երեկո միասին ճաշել, եթե ինչ-որ հատուկ պարտականություն չունենք»,- պատմել է առաջին տիկինը և հավելել, որ «Ելիսեյան պալատը աշխատավայր է և պաշտոնական ընդունելությունների վայր», իսկ ամուսնական զույգի ընտանեկան կյանքը, իրենց երեխաների ու թոռների հետ, հիմնականում անցնում է նախագահի նստավայրի սահմաններից դուրս:
Փոխանցում է ria.ru-ն:
‘