‘
Ավստրալիայի ափերի մոտ դայվինգով զբաղվող բրիտանացի Ջոն Քրեյգը 7,5 կիլոմետր լողացել է՝ փրկվելով շնաձկանից: Քրեյգի խոսքով, «հետաքրքրասեր գիշատիչը» նրան հետապնդում էր ափի մոտից:
Զբոսանավը, որի վրայից ջուրն է մտել 34-ամյա բրիտանացին, ափից 7,5 կմ հեռավորության վրա՝ Շարկ ծովածոցի վրա է կայանել: «Շնաձկան ծովածոց» անունը կրող ծոցը տարեկան 120 հազար զբոսաշրջիկ է գրավում:
Փորձառու ջրասուզակ Քրեյգը ջուրն է մտել հարպունով եւ երբ դուրս է լողացել, նկատել է, որ զբոսանավը կողքին չէ: Նա սկսել է օգնություն կանչել եւ հանկարծ կողքին նկատել է շնաձկանը:
«Նա շատ մոտ էր եւ հետաքրքրասիրություն էր դրսեւորում՝ մոտենում էր ինձ տարբեր կողմերից: Նա փորձում էր հասկանալ՝ ով եմ ես եւ արդյոք կարելի է ինձ ուտել», — BBC-ի փոխանցմամբ, պատմել է Քրեյգը:
Վախեցած բրիտանացին սկսել է արագ լողալ: Որոշ ժամանակ անց նա հորիզոնի վրա նկատել է Պերոն թերակղզու կարմիր ժայռերը եւ շարժվել է դրանց ուղղությամբ:
Երեք ժամ անց Քրեյգը հասել է ափ: Այնտեղից նա տեսել է փրկարար գործողությանը օդից ու ծովի վրա մասնակցող ինքնաթիռներն ու նավակները, սակայն չի կարողացել գրավել նրանց ուշադրությունը եւ բազա է հասել ոտքով:
‘