‘Բրիտանացի անվանի մարդիկ խնդրում են ապաքրեականացնել թմրանյութերի պահումը’

612

Ավելի քան 90 հոգի ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ուղղված նամակը՝ թմրանյութերի պահումը ապաքրեականացնելու և հակաթմրանյութային օրենքը վերանայելու խնդրանքով, հաղորդել է BBC News-ը:

Քեմերոնին ուղղված նամակի տակ ստորագրել են երաժիշտներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, իրավաբաններ և առաղջապահության բնագավառի փորձագետներ: Մասնավորապես՝ վարչապետին նման խնդրանքով դիմել են Սթինգը, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, դերասան Ռասել Բրենդը, գրող Ուլ Սելֆը: Նամակի տեքստը կազմել է բրիտանական Release կազմակերպությունը, որն իրավական օգնություն է ցուցաբերում թմրանյութերի պահման համար դատապարտված անձանց:

Նամակը ստորագրած մարդկանց կարծիքով՝ կառավարության կողմից հայտարարված «պատերազմն ընդդեմ թմրանյութերի», որը խիստ պատիժ է նախատեսում նաև դրանք պահելու համար, ընդամենն ավելի է սրում իրավիճակը: Ըստ այդմ՝ չափազանց խիստ պատիժը թմրանյութեր պահելու համար վերջին 15 տարիներին «անհիմն քրեականացման» է հանգեցրել Մեծ Բրիտանիայի ավելի քան մեկուկես միլիոն բնակչի:

Այսօր՝ թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ պայքարի Միջազգային օրվա կապակցությամբ, Լոնդոնում, ինչպես նաև աշխարհի մոտավորապես հարյուր քաղաքներում ցույցեր տեղի կունենան՝ թմրանյութերի գործածման ապաքրեականացման պահանջով: Ակցիաներ են նախատեսված Հռոմում, Փարիզում, Մեխիկոյում, Վարշավայում և ուրիշ քաղաքներում, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Անարխիստների» պատասխանը Հովիկ Աբրահամյանին. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աբրահամյան. Տիգրան Սարգսյանը հոգով, սրտով մեզ հետ է ‘