‘Բրիտանացի գիտնականներն զգուշացնում են’

895

Բրիտանացի գիտնականներն  զգուշացնում են

Լոնդոնի Թագավորական ընկերության անվանի բրիտանացի գիտնականները, այդ թվում՝ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, հանդես են գալիս հօգուտ Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցությունը պահպանելու՝ հայտարարելով, որ միությունից դուրս գալը կարող է «աղետալի լինել գիտության համար»:

150-ից ավելի գիտնականներ, այդ թվում՝ երեք Նոբելյան մրցանակակիրներ և Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագետը, նախազգուշացնում են, որ ազատ տեղաշարժի նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է էապես ազդել գիտահետազոտական գործունեության վրա Բրիտանիայում: «Ներկայումս մենք հրապուրիչ ենք լավագույն հետազոտողների համար՝ մայրցամաքային Եվրոպայից, այդ թվում՝ երիտասարդ գիտնականների համար, ովքեր ստացել են ԵՄ գրանտներ և գալիս են մեզ մոտ՝ Բրիտանիա: Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, և սահմանափակվի գիտնականների տեղաշարժը մեր երկրի և ԵՄ-ի միջև, ապա դա աղետալի կլինի բրիտանական գիտության և համալսարանների համար»,- ասվում է գիտնականների ստորագրած նամակում, որն ուղարկվել է Times-ին: Գիտնականներն օրինակ են բերել Շվեյցարիան, որին, նրանց կարծիքով՝ չի հաջողվում հրապուրել երիտասարդ տաղանդներին՝ այն բանից հետո, երբ այդ երկիրը քվեարկեց հօգուտ բանվորների միգրացիայի սահմանափակման:

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն, որն արդեն երկրում անվանում են ամբողջ մի սերնդի կարևորագույն ռազմավարական որոշումը, տեղի կունենա հունիսի 23-ին: Հանրաքվեի հարցն այսպես է ձևակերպվելու. «Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը պետք է շարունակի ԵՄ անդամակցությունը, թե՞ պետք է դուրս գա Եվրամիությունից»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ «Իսլամական պետության» համար քիմիական զենք մշակողն իրաքցի է’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ –ն Բելառուսին կոչ է անում մորատորիում հայտարարել մահապատժի նկատմամբ’