‘
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:
Անգլիական ակումբի երկրպագուները կարծես արդեն սիրահարվել են «Ուիգանի» հետ ընկերական խաղում իր նորամուտը տոնող Հենրիխ Մխիթարյանին, գրում է Eurosport-ը և մեջբերում բրիտանացի երկրպագուների գրառումները Twitter-ում:
Երկրպագուներից մեկը առաջին խաղակեսի ավարտին կարծիք էր հայտնել` ասելով. «Հենրիխ Մխիթարյանը 45 րոպեում վերջ է դնում Ուեյն Ռունիի կարիերային: Հրաշալի է հանդես գալիս 10 համարի դիրքում»:
«Հենրիխ Մխիթարյանը վարպետորեն է վարվում գնդակի հետ: Այս տղան հրաշագործ է», — ասվում է մեկ այլ գրառման մեջ:
Մեկ այլ երկրպագու էլ գրել է, որ «Հենրիխ Մխիթարյանն արդեն «Յունայթեդի» լավագույն խաղացողն է` հետևում թողնելով խաղացողներին դաշտի կենտրոնական հատվածում»:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս «Ուիգանին» հաղթել է 2:0 հաշվով:
‘