Բրիտանացի տասնյակ նախկին բարձրաստիճան զորահրամանատարներ երկրի կառավարությանը կոչ են արել բրիտանական ուժերի հետ աշխատած բազմաթիվ աֆղանստանցիների թույլ տալ տեղափոխվել Բրիտանիա։
Մեծ Բրիտանիայում աֆղանստանցիների վերաբնակեցման սխեման վերջերս արդեն վերանայվել է, և տեղափոխման քվոտան ընդլայնվել է։ Բայց մի խումբ նախկին հրամանատարներ պնդում են, որ բրիտանացիների հետ աշխատած հարյուրավոր թարգմանիչների դիմումները մերժվել են։
«Մեր նախկին թարգմանիչներից շատերին, առանց անհրաժեշտության և անհիմն կերպով, մերժել են․․․ Մենք համառորեն կոչ ենք անում անհապաղ վերանայել քաղաքականությունը, որպեսզի ապաստան ապահովվի մեր մեծ թվով թարգմանիչների համար։ Եթե մեր նախկին աշխատակիցներից որևէ մեկը մեր հեռանալուց հետո սպանվի թալիբների կողմից, ապա դա կմնա ամբողջ երկրի խղճին»,- ասվում է վարչապետին ուղղված հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արդեն աջակցություն է ցուցաբերել նախկին ավելի քան 2200 աֆղանցի աշխատակիցների և նրանց ընտանիքներին՝ Մեծ Բրիտանիա տեղափոխվելու հարցում։
Վերաբնակեցման քաղաքականության ընդլայնման շրջանակներում կառավարությունը հայտարարել է, որ ևս 3 հազար թարգմանիչներ և նրանց ընտանիքները թույլտվություն կստանան վերաբնակվելու Մեծ Բրիտանիայում։
Փոխանցում է BBC-ն։
