‘
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի երկու պատգամավոր՝ պահպանողական Բոբ Սիլին և անկախ խորհրդարանական Իեն Օսթինը, նամակով դիմել են երկրի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթին՝ պահանջելով մանրակրկիտ ուսումնասիրել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի կապը ՊԱԿ-ի և ՀԳՎ-ի հետ, հաղորդել է ТАСС-ը:
Կիրակնօրյա The Mail on Sunday թերթի տվյալներով՝ Յակովենկոն խորհրդային հետախուզության գործակալ է եղել, երբ 1980-ական թթ. ՄԱԿ-ում ԽՍՀՄ մշտական ներկայացուցչությունում դիվանագիտական պաշտոն է զբաղեցրել: Նա այդ պաշտոնը լքել և Մոսկվա է վերադարձել հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն արտաքսել է 25 խորհրդային դիվանագետների: Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարել էր, որ այդ արտաքսումը «ջախջախիչ հարված կլինի ՊԱԿ-ին և ՀԳՎ-ին Նյու Յորքում և կառնչվի հետախուզության բարձրաստիճան սպաների»:
Ընդհանուր առմամբ՝ 1986 թ. խորհրդային-ամերիկյան հակամարտության ֆոնին ԽՍՀՄ-ից լրտեսության մեջ մեղադրվող ամերիկյան 30 դիվանագետների արտաքսմանն ի պատասխան՝ ԱՄՆ իշխանությունները վտարել են Վաշինգտոնում, Նյու Յորքում և Սան-Ֆրանցիսկոյում խորհրդային դիվանագիտական առաքելությունների 80 աշխատակիցների:
Փոխանցում է newsru.com-ը:
‘