‘Բրիտանացի փոխնախարար. ԼՂ կարգավորման հարցում պետք է խուսափել անկանխատեսելի քայլերից’

880

Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական գործընթացը բավական երկարել է, պետք է ամեն կերպ աջակցել Մինսկի խմբի գործընթացին՝ մշակված սկզբունքների շրջանակներում վերջնական լուծման հասնելու համար: Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման կապակցությամվ Ադրբեջանում հնչող հայտարարություններին, թե Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը կարող են ռմբակոծվել, ՄԹ ԱԳ փոխնախարարը նկատեց, որ ի սկզբանե պետք է հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք անկանխատեսելի արդյունքների կհանգեցնեն: «Դրա համար անհրաժեշտ է ապահովել ցանկացած գործողության թափանցիկությունը», — ասաց Ֆրեյզերը:

Նա հիշեցրեց, որ Շոտլանդիայում անկախացման հանրաքվե կլինի 2014-ին: Իսկ Մեծ Բրիտանիայի մեկ այլ սուվերեն տարածքի՝ Ֆոլկլենդյան կղզիների բնակիչներն այս ընթացքում արդեն անկախության հարցով հանրաքվե են անցկացնում:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մենք աջակցում ենք Մինսկի խմբի ձեւաչափում ընթացող միջազգային գործընթացին: Շատ կարեւոր է, որ մենք այդ լուծումը գտնենք այն սկզբունքների հիման վրա, որոնք սահմանվել են այս հակամարտության լուծման բանաձեւերում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում», — եզրափակեց բրիտանացի նախարարը: 

Նախորդ հոդվածը‘Սուրբ Աթոռում՝ առանց սուրբ նպատակների’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսիի նոր պատմական ռեկորդը’