Բրիտանիայի ՆԳ նախարարը դուրս է եկել կառավարության կազմից

685

Պահպանողական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի անդամ Սուելլա Բրավերմանը հրաժարական է տվել ներքին գործերի նախարարի պաշտոնից՝ ընդամենը վեց շաբաթ այդ պաշտոնն զբաղեցնելուց հետո։

Վարչապետ Լիզ Թրասին ուղղված նամակում, որը Բրավերմանն ինքն է հրապարակել իր Twitter-ում, նա նշել է, որ պաշտոնը լքում է ոչ թե քաղաքական տարաձայնությունների պատճառով, այլ քանի որ խախտել է գոյություն ունեցող կանոնները՝ պաշտոնական հաղորդագրություն ուղարկելով իր տան հասցեից։ Բրավերմանը նշել է, որ այդ հաղորդագրությունն ուղարկել է իր գործընկերոջը, որին լիովին վստահում է, սակայն «սխալը մնում է սխալ»։

«Կառավարության աշխատանքը կախված է սեփական սխալների համար պատասխանատվություն ստանձնելու մարդկանց կարողությունից։ Ձևացնել, թե մենք սխալ չենք գործել, շարունակել՝ կարծես թե ոչ մեկը չի տեսել, որ սխալվել ենք, հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն կուղղվի՝ դա լուրջ քաղաքականություն չէ։ Ես սխալ եմ թույլ տվել։ Ես ստանձնում եմ դրա պատասխանատվությունը։ Ես հրաժարական եմ տալիս»,- գրել է Բրավերմանը։

Թեպետ պարզ է, թե ում են ուղղված անպատասխանատվության այս մեղադրանքները, Բրավերմանը իր հրաժարականի հայտարարության մեջ նաև ուղղակի քննադատել է վարչապետ Լիզ Թրասին։ «Ես մտավախություն ունեմ կառավարության քաղաքական կուրսի կապակցությամբ»։

Սուելլա Բրավերմանը Լիզ Թրասի մեկուկես ամսվա վարչապետության ընթացքում հրաժարական տված երկրորդ նախարարն է․ առաջինը ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգն էր, որը վարչապետի հետ միասին հեղինակել էր շատ քննադատությունների արժանացած հարկային ռեֆորմը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ն սպառնում է վերանայել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ
Հաջորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը վերականգնում է հարաբերությունները ռեժիմի հետ