Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել։ Հինգ շաբաթը նրան բավարար է եղել, որպեսզի խորացնի քաղաքական և տնտեսական ճգնաժամը, որի մեջ Բրիտանիան թաղվել էր Եվրամիությունը լքելուց հետո։
Հինգ շաբաթում Թրասը կորցրեց երկու գլխավոր նախարարների, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության և ընտրազանգվածի աջակցությունը։ Նրա վարկանիշը հազիվ 15 % է՝ ամենացածրը ժամանակակից պատմության բոլոր վարչապետների համեմատ։
Ավելին, շուկաները չընդունեցին նրա բարեփոխումների աշխույժ ծրագիրը Brexit-ի ոգով, ինչը վտանգի տակ դրեց ֆինանսական կայունությունը, կենսաթոշակային համակարգը և առհասարակ տնտեսությունը։
Հարցականի տակ է նաև Բրիտանիայում արդեն 12 տարի իշխող թորիների կուսակցության իշխանությունը։
Վերջին չորս տարում Բրիտանիայում երեք վարչապետ է փոխվել, վերջին չորս ամսում՝ ֆինանսների չորս նախարար։
Վերջին շաբաթների դեպքերը և Լիզ Թրասի գործունեությունը մոլորակի ամենազարգացած երկրների յոթնյակում գտնվող միջուկային տերությունը հասցրել են սոցիալական, քաղաքական և տնտեսական կոլապսի եզրին։
Փոխանցում է BBC-ն։