‘
Բրիտանիայի կառավարության անդամները համաձայնության են եկել Սիրիայում վճռական գործողությունների դիմելու անհրաժեշտության հարցում՝ քիմիական զենքի հետագա կիրառումը բացառելու համար, ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Հինգշաբթի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստ է անցկացրել՝ Բաշար Ասադի վարչակարգի կողմից ենթադրյալ քիմիական գրոհին բրիտանական պատասխանի վերաբերյալ:
BBC-ի աղբյուրների խոսքով՝ Մեյը պատրաստ է գործողությունների դիմել՝ չսպասելով խորհրդարանի հավանությանը:
«Դա ցնցող և բարբարոսական ակտ էր, որի հետևանքով զոհվեց առնվազն 75 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ընդ որում՝ ամենասոսկալի և անմարդկային եղանակով»,- հայտարարել է Մեյը:
Կառավարությունը որոշել է, որ ամենայն հավանականությամբ՝ քիմիական հարձակման պատասխանատվությունը կրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը, որը, ի դեպ, հերքում է թունավոր նյութեր կիրառելու մեղադրանքը:
Այնուհանդերձ, նիստի արդյունքում ընդունված բանաձևում չի նշվում Սիրիայում ռազմական գործողությանը Բրիտանիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ որևէ կոնկրետ քայլ:
Փոխանցում է BBC-ն:
‘