‘Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ է հրավիրել Սկրիպալի թունավորման առիթով’

1700

Երեկ բրիտանական ԱԳՆ-ն հաղորդել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շտապ նիստ  է անցկացնում ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Լոնդոնի կարծիքով՝ դրա ետևում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է կանգնած:

Reuters գործակալության տվյալներով՝ կեսգիշերին մոտ Ռուսաստանը պատասխան չէր տվել վարչապետ Թերեզա Մեյի այն պահանջին, թե ինչպես է նյարդակաթվածահարող նյութը, որով թունավորվել են Սկրիպալը և նրա դուստրը, հայտնվել Բրիտանիայում: Մեյի հայտարարությունները Ռուսաստանի ԱԳՆ-ն համարել է վերջնագրային և հրաժարվել է կատարել պահանջը, նաև պահանջել է տրամադրել գործի նյութերը:

Դրանից հետո Մեյը հայտարարել է, որ Ռուսաստանը, ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ իրավիճակը պարզաբանելու պահանջի, արհամարհանք ու ծաղր է դրսևորել:  Նա նշել է, որ Ռուսաստանի 23 դիվանագետներ, որոնց Լոնդոնը համարում է հետախուզության աշխատակիցներ, մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը:

Բրիտանիան նաև չեղյալ է հայտարարել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Լոնդոն այցելելու հրավերը, իսկ բրիտանական կառավարության և թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն ամռանը կայանալու է Ռուսաստանում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լավրովն այդ հրավերը չէր ընդունել:

Փոխանցում է BBC-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Մանուել Նոյերը պատրաստվում է վերադառնալ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատեւ անձրեւ’