‘
ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեից հետո Բրիտանիան պարուրած խառնաշփոթը չի շրջանցել նաև ընդդիմության դիրքերում գտնվող Լեյբորիստական կուսակցությանը:
Լեյբորիստների ստվերային կաբինետից արդեն դուրս է եկել ինը անդամ, սպասվում են նոր հրաժարականներ՝ ի նշան բողոքի կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի բռնած դիրքորոշման, որը ԵՄ կազմում Բրիտանիայի մնալու կողմնակից է:
Նախօրեին Քորբինը պաշտոնանկ է արել ստվերային կառավարության արտաքին գործերի նախարար Հիլարի Բենին։ Այժմ նրան սպառնում է կուսակցության ղեկավարության շրջանում հասունացող խռովությունը, որը կարող է անվստահություն հայտնելու պատճառ դառնալ: Բենն իր գործընկերների շրջանում քարոզել է հրաժարական տալ այն դեպքում, եթե Ջերեմի Քորբինն անտեսի անվստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկության արդյունքները: Մինչդեռ ֆինանսների ստվերային նախարար Ջոն Մաքդոնելը հայտարարել է, որ Քորբինը մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից:
Լեյբորիստական կուսակցությունը հանդես է գալիս ԵՄ անդամությունը պահպանելու օգտին: Լեյբորիստներից ոմանք Եվրամիության հանրահայտ քննադատ Քորբինին մեղադրում են նրանում, որ նա բավարար ակտիվորեն չի պաշտպանել կուսակցության դիրքորոշումն այդ հարցում: Փոխանցում է BBC-ն:
‘