‘Բրիտանուհին շնորհակալական նամակ է գրել իր տան կողոպտիչներին’

1190

Մեծ Բրիտանիայում կինը նամակ է գրել իր տան կողոպտիչներին և այն ամրացրել է դռանը: Նամակի տեքստը հրապարակել է Northampton Herald and Post-ը: Նամակում 36-ամյա Քեյթ Բարեթը ներողություն է խնդրում կողոպտիչներից՝ այն բանի համար, որ իր տանն ավելի արժեքավոր իրեր չեն եղել, քան այն, ինչ նրանք տարել են: Նա նաև բնակարանային գողերին առաջարկել է վերադառնալ և, եթե ուզում են՝ «վերցնել իր տեսաերիզների և ձայներիզների հավաքածուն:

Քեյթը նամակը տեղադրել է իր թվիթերում՝ տարբեր իրերի մի ցուցակով, որոնք կողոպտիչները որոշել են չվերցնել: Ի թիվս զանազան իրերի՝ այդ ցանկում են նաև տանտիրուհու  Ericsson ֆիրմայի բջջային հեռախոսը, Smash Hits ամսագրի մի քանի հին համարներ և այլն: Բայց նրանք տարել են ճարմանդներ, ոսկե ժամացույց, այփոդ, Canon լուսանկարչական սարք, ոսկերչական զարդեր և փող: Քեյթը նաև շնորհակալություն է հայտնել գողերին, որ նրանք ամենուրեք թողել են իրենց մատնահետքերը: Նա նաև նշել է, որ ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ է, որ կողոպուտի զոհ է դարձել հենց ինքը, այլ ոչ թե «ինչ-որ տարեց մարդ կամ ավելի խոցելի մեկը»:

Սովորաբար՝ կողոպուտի զոհերը  նամակագրական կապ չեն հաստատում հանցագործների հետ, սակայն գողերը ժամանակ առ ժամանակ գրում են իրենց զոհերին: Այսպես, օրինակ, Թենեսիում գտնվող խանութը, որը կողոպտել էին 11 տարի առաջ, նամակ էր ստացել՝ ներողություններով և դրամական փոխհատուցմամբ. կողոպտիչը վերադարձրել էր այն ժամանակ գողացած 300 դոլարը և ավելացրել ևս 100 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. «Հայան» թայֆունից տուժել է ավելի քան 13 միլիոն մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետների միությունն այսօր նախագահ կընտրի’