‘Բրյուսելը խոստանում է պատժել Կիեւի իշխանություններին, Կրեմլը` օգտագործել իր ողջ ազդեցությունը’

690

 

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ-ի անդամ երկրների կառավարություններին կոչ է արել անհապաղ նպատակային պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում գրանցված արյունահեղության համար պատասխանատուների նկատմամբ:

«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները հարուցում են շոկ և խորին մտահոգություն: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ի անդամ երկրները համաձայնեցված ձևով անհապաղ կկիրառեն նպատակամղված միջոցներ: Վերջին 24 ժամում Կիևում տեղի ունեցած իրադարձություններում չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կկարողանային օրինականացնել կամ արդարացնել դրանք: Հենց երկրի քաղաքական ղեկավարությունը է կրում դրա ողջ պատասխանատվությունը», — գրել է Բառուզուն Twitter-ի իր միկրոբլոգում:

Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու իրենց պատրաստակամության մասին արդեն իսկ հայտարարել են Լեհաստանը, Լիտվան ու Բելգիան: Վճռական միջոցներ ձեռնարկելուն կողմնակից են նաև Գերմանիան ու Շվեդիան: 

Միեւնույն ժամանակ, Մոսկվան Ուկրաինայում «դարչնագույն» հեղափոխության թողտվության համար մեղադրում է Արեւմուտքին` սպառնալով, որ գործի կդնի իր ողջ «ազդեցությունը», որպեսզի Ուկրաինայում կրկին խաղաղություն լինի:

«Կիևում և Ուկրաինայի մի շարք քաղաքներում ընդդիմության ծայրահեղական ուժերի հանցավոր գործունեության հետևանքով արյուն է թափվել: Կան մահացածներ և վիրավորներ՝ ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ իրավապահ մարմինների շրջանում: Ուկրաինայի արևմտյան շրջաններում գործը հասել է մինչև ոստիկանության, դատախազության, զորամասերի շենքերի գրավման: Կռիվ հրահրող բանդիտները ծաղրում են ոստիկաններին, զինվորականներին, որոնցից տասնյակներ վնասվածքներ են ստացել: Ըստ էության՝ խոսքն իշխանության ուժային զավթման փորձի մասին է»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

«Ուկրաինան Ռուսաստանի համար եղբայրական, բարեկամական պետություն է, ռազմավարական գործընկեր, և մենք կօգտագործենք մեր ողջ ազդեցությունը, որպեսզի այդ երկրում կրկին խաղաղություն և հանգստություն հաստատվի»,- նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն: 

Նախորդ հոդվածը‘Բարանեց. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի պատերազմել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում բախումներից հայեր չեն տուժել’