‘Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը’

585

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին Բրյուսելում ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որում անդրադարձ է կատարվում նաև Արևելյան գործընկերությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնական կայքը, նախարարական եզրակացության մեջ մասնավորապես նշված է, որ Խորհրդի նիստում քննարկվել են այս տարվա վերջին կայանալիք Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովին առնչվող հարցեր:

Բացի այդ Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախագահել է Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ինչի առիթով հանձնակատարի մամուլիս խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ:

«Քննարկման ընթացքում նախարարները հիմնականում կենտրոնացել են այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների հարցերի վրա»,- ասված է հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում Էշթոնը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է տեսնել գագաթնաժողովի հաջողությունը, սակայն դա մեծ մասամբ կախված է գարծընկեր երկրների հանձնառությունից: «Մինչ այս պահն արդեն իսկ կարևոր առաջընթաց է գրանցվել: Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ պետք է շարունակել ջանքեր գործադրել առաջիկա գագաթնաժողովը ԵՄ-ի և Արևելյան գործընկերների հարաբերություններում կարևորագույն հանգրվան դարձնելու համար: Նա նաև շեշտել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիլնյուսյան գագաթնաժոզովին մնացել են հաշվված շաբաթներ, այն պետք է դառնա հետադարձի գագաթնաժողով (բանակցությունների արդյունքների ցուցադրման իմաստով- խմբ.) ինչպես քաղաքական ասոցացման, այնպես էլ տնտեսական ինտեգրման իմաստով»,- ամփոփում է ԵՄ հանձնակատարի հայտարարությունը: 

Ի դեպ, Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին հարաբերությունների ծրագրերից է` ուղղված հետխորհրդային 6 երկրների (Բելառուս, ՈՒկրաինա Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հետ քաղաքական ասոցացմանն ու տնտեսական ինտեգրմանը: Ծրագրի մեկնարկից  4 տարի է անցել, և նախատեսվում է, որ տարեվերջին Վիլնյուսում   Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան արդեն կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ս. Սարգսյանի համար մեծ խնդիր չէ այրված պոչով կացինը նորից կոթելը’
Հաջորդ հոդվածը‘Մուրսիի ընտանիքն սպառնում է դատի տալ զինվորականներին’