‘
Քենթ կոմսության Քենթրբերիի սբ. Մարտինի եկեղեցում փոքրիկ Միա-Բելլա Քեննեթի մկրտությանը ներկա էին ոչ միայն հրավիրված հյուրերը: Դա պարզ է դարձել արարողության ժամանակ արված լուսանկարները նայելուց հետո, հաղորդել է Kent Online-ն:
29-ամյա Ջեյմի Սյուելը ոչ մի արտասովոր բան չէր նկատել, երբ իր բջջային հեռախոսով լուսանկարում էր դստեր մկրտության արարողությունը, և հետո էլ դրանք տեղադրել էր Facebook-ում: Նրա մայրը՝ 50-ամյա Հիզեր Սյուելը, պարզվել էր, ավելի ուշադիր է. նա երեխային գրկած Ջեյմիի և նրա կնոջ միջև նկատել էր թափանցիկ մի պատկեր, որում ճանաչել էր 17 տարի առաջ ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Թերրիին: «Այո, ես սնահավատ մարդ եմ, բայց ոչ ֆանատիկոս: Ու շատ եմ ուզում չհավատալ, որ դա ինքն է: Անհեթեթ է կարծել, որ դա ֆոտոմոնտաժ է, ախր դրանք որդիս է լուսանկարել»,-ասել է հանգուցյալ ամուսնու ուրվականից ցնցված կինը:
Սուրբ Մարտինի եկեղեցին Մեծ Բրիտանիայի հնագույն եկեղեցիներից է: 1668 թվականից ի վեր, երբ այստեղ սկսել են եկեղեցական արարողություններ անցկացվել, երբևէ ուրվական չէր հայտնվել, գրում է The Daily Mirror-ը:
‘