‘Բ. Ասատրյան. ՀայՌուսգազարդի բաժնեմասը ոչ թե «Գազպրոմին», այլ սեփական ժողովրդին վաճառեք ‘

917

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն առաջարկում է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը, եթե պետությունը կարիք ունի դրանք վաճառելու, ապա վաճառի սեփական ժողովրդին, ոչ թե «Գազպրոմին»: Aravot.am-ի հետ զրույցում, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը կարծիք է հայտնել՝ եթե մենք պետություն ենք և մտածում ենք ապագայի մասին, ուղղակի չպիտի գնանք այն քայլին, որ պետական բաժնեմասը վաճառենք «Գազպրոմին». «Եթե կառավարությունն ուզում է վաճառի, թող դիմի սեփական ժողովրդին, կամ տեղացի գործարարներին, նույնիսկ թոշակառուն էլ կարող է, մենք, ամենքս մեր գրպանից գումար դնենք ու բաժնետոմս ձեռք բերենք: Դա շահավետ գործարք կլինի, նույնիսկ թոշակառուն կարող է գնել բաժնեմաս: Ժողովուրդը մեծ պատրաստակամություն կցուցաբերի, թոշակառուների համար եկամուտի աղբյուր կլինի: Սա մի ընկերություն է, որը 15-20% -ից պակաս շահութաբերությամբ չի ուզում աշխատի, մեր թոշակառուները բաժնետոմս գնելով, երաշխավորված եկամուտ կունենան»:

Պարոն Ասատրյանի ներկայացմամբ`«ՀայՌուսգազարդի» պետական բաժնեմասը վաճառելն այն առիթն է, որ իշխանություններն իրենց իրական դեմքը ցույց տան, իհարկե կախված նրանից, թե ում կվաճառեն բաժնետոմսերը. Եթե դրանք հայաստանցիները ձեռք բերեն, և եթե դա մեր սեփականությունը լինի, ապա «Գազպրոմի», գազամատակարարող միակ ընկերության`«ՀայՌուսգազարդի» վրա ազդելու հնարավորություն կունենանք. «Հակառակ դեպքում կամ ընդհանրապես ազդելու հնարավորություն չենք ունենա, կամ էլ դրանք շատ նեղանալու են. Դա հղի է բոլոր կարգի վտանգներով, որն անկանխատեսելի, խիստ վտանգավոր երևույթ է»:

Կայքի դիտարկմանը, որ 100% սեփականատեր լինելով «Գազպրոմը» ցանկացած ճնշում կարող է գործադրել Հայաստանի վրա, և ոչ միայն գազի գինը որոշելու առումով, պարոն Ասատրյանն ասաց. «Սա միայն տնտեսական խնդիր չէ, «Գապրոմը» նույնիսկ քաղաքական ճնշումներ կարող է գործադրել, սա այն բացառիկ, մենաշնորհային միակ ընկերութունն է, առաջիկա 20-30-50 տարում էլի գազի միակ մատակարարը կլինի, և փաստորեն 20%-ը իրեն վաճառելով, այդ այլընտրանքն ամբողջովին տալիս են օտար երկրի ձեռքը ու հայկական կողմի լծակները նվազեցնում են»:

Տնտեսագետի բնութագրմամբ, «ՀայՌուսգազարդի» հայկական բաժնեմասը ռուսական կողմին վաճառելն ուղղակի հանցավորություն է, ապագայի շահը չգիտակցել, որը հղի է անկանխատեսելի, բազմաթիվ բացասական հետևանքներով:

Հիշեցնենք, որ iLur.am-ը արդեն հայտնել էր, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպումը և, քննարկել են «ՀայՌուսգազարդում» ռուսական բաժնեմասը մինչև 100% հասցնելու հնարավորությունների մասին: Էներգետիկայի նախարարը այսօր հաստատել է այդ տեղեկությունները: 

Նախորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանի «արկածները» նախարար դառնալուց առաջ եւ հետո’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ե՞րբ է կնքվել հայաստանյան մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը ‘