‘Գագաթնաժողովը մեկնարկում է, «պատշաճ ժամկետները» սպառվում են. Մամուլ’

989

Մամուլն այսօր անդրադառնում է վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին և այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության ձևաչափին, ինչպես նաև այնտեղ ստորագրվելիք փաստաթղթին: «Ժողովուրդը» գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չմասնակցել վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ԵՄ «Արևելյան գործընկերության» համաժողովին: Նույն աղբյուրների պնդմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, և Վիլնյուսում նախատեսված է ստորագրել 3-էջանոց հայտարարություն, որտեղ կողմերն արձանագրելու են, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել ՀՀ-ում, և ՀՀ-ի առաջ դեպի Եվրոպա դռները փակված չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը ՀՀ եվրաինտեգրացիայի շուրջ բանակցություններ տանելուց և վերջին պահին հրաժարվելուց հետո խուսափում է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից, հատկապես վիլնյուսյան համաժողովում, որտեղ պետք է ստորագրվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ իմանաս, միգուցե այնտեղ եվրոպացիները փորձեն նորից համոզել Ս. Սարգսյանին՝ գնալ դեպի Եվրոպա: Նախագահականից Ս. Սարգսյանի՝ Վիլնյուս չմեկնելու մասին լուրը ճշտել չհաջողվեց. մեր գրավոր հարցը մնաց անպատասխան: Գուցե Ս. Սարգսյանը վերջին պահին փոշմանի՞»,-գրում է թերթը:

«ՀԺ»-ն իր հերթին գրում է.
«Մեկ օրից Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որին Հայաստանի մասնակցության մակարդակը և ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռևս պարզ չեն։

Դիվանագիտական անանուն աղբյուրը «ՀԺ»-ին հայտնել է, որ փաստաթղթի նախագիծը, որ Հայաստանը ներկայացրել է ԵՄ-ին և ցանկություն հայտնել վիլնյուսյան գագաթաժողովին ստորագրել, չի արժանանում ԵՄ անդամ որոշ երկրների հավանությանը։

Փաստաթղթում առկա որոշ ձևակերպումների շուրջ բանակցությունները մինչ օրս շարունակվում են, և դրանց արդյունքներից է կախված՝ Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս, թե ոչ։ Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ հայկական կողմը հակված չէ զիջումների գնալ և փոխել խնդրո առարկա ձևակերպումները։

Ենթադրվում է՝ դրանք առնչվում են կամ Մաքսային միության շահերին, կամ ԼՂ հիմնախնդրին։

Ամեն դեպքում, այսօր կամ վաղը պետք է պաշտոնական հաղորդագրություն լինի գագաթնաժողովին ՀՀ մասնակցության ֆորմատի մասին, հակառակ դեպքում «պատշաճ ժամկետները» կսպառվեն»,- գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ հայ-վրացական սահմանի մոտ. 2 մարդ զոհվել է’