‘Գագիկ Բեգլարյանի եղբայրը անսթափ վիճակում «դեբոշ է սարքել» օդանավակայանում. Ոստիկանությունը լռում է’

2379

Երեկ գիշերը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրի Բեգլարյանը, ով հանրությանը հայտնի է Աբովյան փողոցում ունեցած «բուտիկներով», «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անսթափ վիճակում սկանդալ է սարքել, ինչի պատճառով «Ավստրիական ավիաուղիների» աշխատակիցները թույլ չեն տվել մեկնել Վիեննա:

iLur.am-ի զրուցակիցը, որը միջադեպի ականատեսն է եղել, պատմում է, որ օդանավակայանի սպասասրահում Բեգլարյանը ոգելից խմիչք է օգտագործել, եւ երբ «Ավստրիական ավիաուղիների» ներկայացուցիչները փորձել են արգելել նրան բարձրանալ օդանավ, Բեգլարյանը անվայել արտահայտություններով ընդդիմացել է: Ընդ որում, նա սպառնացել է, թե՝ «դուք չգիտեք ես ով եմ, ձեր համար վատ է լինելու»: Օդանավակայանի եւ ավիաընկերության ներկայացուցիչները փորձել են միջադեպի մասին տեղյակ պահել Գագիկ Բեգլարյանին, որը ներկայումս հանգստանում է ֆրանսիական Նիցցայում: Այդ ընթացքում նրան փորձել են կարգի հրավիրել օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանները՝ բաժանմունքի պետ Վանիկ Թանգամյանի գլխավորությամբ: Յուրի Բեգլարյանը չի ենթարկվել նաեւ ոստիկանների պահանջին, նրան հարկադրաբար տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Միջադեպի ընթացքում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ժամանած Շտապ օգնության աշխատակիցներին նախարարի եղբայրը նույնպես դիմավորել է հայհոյանքներով ու սպառնալիքներով: Այնուհետեւ, ոստիկանության պահանջներին ընդդիմացող, հասարակական կարգը խախտող նախարարի եղբորն ուղեկցել են տուն՝ ըստ ամենայնի, առանց որեւէ իրավական հետեւանքի:

Միջադեպի մասին ոստիկանությունը պաշտոնական հայտարարությւոն մինչ այժմ չի տարածել: Ոստիկանության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը iLur.am-ի հարցմանն ի պատասխան խոստացավ կարճ ժամանակում միջադեպի մասին տեղեկատվություն տրամադրել, այնուհետեւ անհասանելի դարձավ հեռախոսազանգերի համար: iLur.am-ը փորձում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ նաեւ «Ավստրիական ավիաուղիների»երեւանյան գրասենյակից: 

Նախորդ հոդվածը‘Վթարային շենքի բնակիչները Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում գործադուլ են անում բժիշկները և օդանավակայանների աշխատակիցները’