‘
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, սակայն տարբեր երթուղիներ տարբեր չափով կթանկանան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` հավելելով, որ բոլոր թանկացումները կհասցվեն նվազագույնի: «Այս պահին հանձնաժողովում աշխատանքները դեռևս շարունակվում են: Փորձում ենք հասկանալ` ինչպես կարելի է ապահովել նվազագույն թանկացում: Երթուղիներ կլինեն, որտեղ ընդհանրապես թանկացում չի արձանագրվի»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ` ասել է Բեգլարյանը: Նա նաև նկատել է, որ գազալցակայաններում գազը թանկացել է տասը տոկոսով, մինչդեռ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` պետք է թանկացում լիներ 5-7 տոկոսով: «Մենք դա էլ ենք ուզում վերջնականապես հասկանալ, սակայն պետք է այս ուղղությամբ երկար աշխատել և ամեն ինչ անել, որ թանկացումները հասցվեն նվազագույնի»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ նույն Գագիկ Բեգլարյանը երեկ բառացիորեն հայտարարել էր. «Այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը հունիսի 7-ին միաձայն հաստատեց գազի նոր սակագինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ 156 հազար դրամ: 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողները կվճարեն 276.98 դոլար:
‘