‘Գագիկ Խաչատրյանը «փայ մտավ». Մամուլ’

1412

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կամաց-կամաց իր ձեռքն է վերցնում Հայաստանի տնտեսության կարևորագույն օղակները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է, որ ՀՀ ամենահարուստ պաշտոնյային պատկանող Ucom-ը լինելու է Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատորը:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ Ucom ընկերությունը մի քանի ամիս առաջ դիմել է հանձնաժողովին՝ 800 մեգահերց տիրույթում նոր ռադիոհաճախականության տիրույթ ստանալու համար: Հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ բացի Ucom-ից՝ այլ ընկերություն մրցույթին մասնակցելու հայտ չէր ներկայացրել: «Ինչպես որ կանխավ հայտնել էինք, մրցույթն անցկացվեց բաց ու թափանցիկ պայմաններում»,-հպարտությամբ նշել են հանձնաժողովից: Դե իհարկե, Տամոժնի Գագոյի դիմումի պայմաններում դժվար թե որևէ մեկը համարձակվեր «մրցակցության հայտ» ներկայացնել. ի վերջո, նա հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ, և մի շարք երկրների մայրաքաղաքներում նրա համար որոշ օղակներ լոբբինգ են իրականացնում: Բայց երեկ կայացրած որոշումը, այնուամենայնիվ, մի դրական բան ունի. դաշտում մրցակիցներ շատ կլինեն, ինչը կարող է նպաստել սակագների նվազմանը:

«Ցավալին այն է, որ ՀՀ-ում, բացի պաշտոնյաներից ու Սերժ Սարգսյանի հովանավորյալներից, մնացած բոլոր գործարարները սնանկանում են: Ու սնանկանում են, առաջին հերթին, հենց Գագիկ Խաչատրյանի ձեռամբ»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Զինվորներին ծեծի է ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը. Զինծառայողի հայր’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» ձմռանը կփորձի ձեռք բերել Լուիս Սուարեսին’