‘Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը’

1162

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նոր տարվա կապակցության շնորհավորական ուղերձ է հղել։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հերթական տարին՝ 2014 թվականը, մոտենում է իր ավարտին: Եվ մի տեսակ չգրված օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք հենց ամանորի նախաշեմին, հին տարին ճանապարհելիս ու նոր տարին դիմավորելիս մի պահ կանգ է առնում և մտածում արածի ու չարածի մասին, վերհիշում նվաճումներն ու բացթողումները: Ես՝ որպես ԲՀԿ նախագահ, հասկանում եմ, որ այս տարին մենք ամփոփում ենք դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներով, ու գալիք տարում առաջին հերթին հենց այդ խնդիրներին պետք է լուծումներ տրվի: Այս տարին առանձնացավ մի շարք կարևոր գործոններով: Տարիների դադարից հետո այս տարի Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցավ բացառիկ համախմբում՝ քաղաքական ուժերի ու ժողովրդի մասնակցությամբ: Այս տարի ժողովրդի մեջ արթնացավ հավատը, որ իսկապես ինչ-որ բան փոխվելու է, և այո՛, այդ խնդիրները լուծվելու են: Այս հանգամանքը ես շատ եմ կարևորում, քանի որ իսկապես ամենակարևորը մարդկանց մոտ հավատի վերականգնումն է:

Նոր տարին մենք պետք է սկսենք նոր հավատով ու գործնական ոգով՝ համոզված, որ ամեն ինչ լավ է լինելու, որ բոլոր խնդիրների լուծումները մեր ձեռքերում են: Ինչպես յուրաքանչյուր տարվա իմ ամանորյա ուղերձում, այս տարի ևս ես իմ առանձնահատուկ շնորհակալությունն ու շնորհավորական խոսքն եմ ուղղում հայոց սահմանն անառիկ պահող հայ զինվորներին ու նրանց ընտանիքներին: Մենք հպարտանում ենք ձեզնով: Մենք ուժեղ ենք ձեզնով:

2015 թվականին լրանում է Հայոց մեծ Ցեղասպանության 100-ամյակը: Ես կուզեի, որ հենց այս տարին դառնար համահայկական համերաշխության, հայկական մեծ ներուժի վերածննդի և Հայաստան-Սփյուռք նոր որակի հարաբերությունների ձևավորման տարի: Եվ ես այս և շատ այլ հարցերում պատրաստ եմ լինել թե՛ նախաձեռնող, թե՛ կազմակերպիչ: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ, որ հենց այս՝ 2015 թվականին մենք վերջապես հասնենք այն կարևոր փոփոխություններին, որոնց համար այդքան պայքարել ենք միասին, և վերջապես սկիզբ դնենք Հայաստանի նոր՝ դեպի զարգացում տանող ճանապարհին: Թող 2015-ը դառնա դրական փոփոխությունների, դրական իրադարձությունների, լավ լուրերի ու լավ մարդկանց տարի: Աստված պահապան մեզ բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

Նախորդ հոդվածը‘Մերկել. ԵՄ-ն Ռուսաստանին թույլ չի տա պառակտել Եվրոպան’
Հաջորդ հոդվածը‘ԵՏՄ-ն սկսում է աշխատանքները’