‘Գագիկ Ծառուկյանն աջակցություն է հայտնել Իրաքի եզդիներին’

1146

ԲՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից խոր մտահոգություն եմ հայտնում Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որը միջազգային հանրությունն արդեն իսկ որակել է որպես եզդիների ցեղասպանություն: Խորապես դատապարտում ենք իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների հանդեպ նման գործելաոճը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում գործնական քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: Մեր երկիրը պարտավոր է բարձրաձայնել Իրաքում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնություններին վերջ տալու անհրաժեշտության մասին և դրա համար հարկավոր է օգտագործել բոլոր հնարավոր լծակներն ու հարթակները: Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ-ում բնակվող տասնյակ հազարավոր եզդիներին և պատրաստակամություն է հայտնում սատար կանգնել անհրաժեշտության դեպքում: Հարկ եղած դեպքում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը պատրաստ է անհրաժեշտ հումանիտար նպատակային օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցող բարեկամ եզդի ժողովրդին: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդն ու մեր պետությունը պարտավոր են օգնության ձեռք մեկնել եղբայրական եզդի ժողովրդին:

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հայաստան կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրիեմիեր լիգան արգելել է երկրպագուներին համացանցում հրապարակել գոլերի տեսանյութերը’