‘Գագիկ Հարությունյան. Ես երեկվա երիտասարդը չեմ’

3861

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պնդում է, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության վերարտադրումը չէ: «Եթե գործող իշխանությունը վերարտադրության նպատակ ունենա, ապա այդ վերարտադրության հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխության դեպքում: Սա ինձ համար միանշանակ է: Մի՛ անձնավորեք իշխանությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման բան հայտարարեց Հարությունյանը: «Հայաստանի Հանրապետության զարգացման պատմությունը իմ միջով է անցել, ես երեկվա երիտասարդը չեմ: Ես չեմ ցանկանում, որ իմ ու ձեր երեխաները ապրեն մի երկրում, որի ճակատագիրը պայմանավորված կլինի առանձին սուբյեկտների սուբյեկտիվ հատկանիշներով»,- պնդեց նա:

Նրա խոսքով՝ այժմ հանձնաժողովի անդամներից երեքը փորձում են լուծել Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված «խնդիրը»: Այն է՝ «Արդյո՞ք մենք կկարողանանք խորհրդարանական համակարգի մոդելը ներկայացնել այն ձեւով, որտեղ լուծված կլինեն ներքին եւ արտաքին անվտանգության երաշխավորման եւ կայունության հարցերը»:

Ավելին, Հարությունյանը կարծում է, թե եթե ընտրական համակարգը մնա նույնը, ապա բոլոր ընտրություններն էլ նույն արդյունքն են տալու: Նրա խոսքով՝ իրենց համար ամենակարեւոր խնդիրներից մեկը վստահության երաշխիքների ստեղծումն է: Այսինքն, Հարությունյանը ընդունում է, որ ընտրությունների արդյունքների հետ կապված վստահության պակաս կա, բայց փոխարենը ընդդիմության ՍԴ ներկայացրած հայցերը բավարարի եւ վերականգնի վստահությունը, լծվել է Սահմանադրությունը փոխելուն: Այն դեպքում, որ պարզից էլ պարզ է՝ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել վստահությունը վերականգնելու համար, այլ՝ այս իշխանություններին, Գագիկ Հարությունյանին էլ հետը:

Նախորդ հոդվածը‘Արգամը մնաց մենակ. Առավոտ’
Հաջորդ հոդվածը‘Քո գրպանից՝ ՀԷՑ-ի ճոխ կյանքի համար (Տեսանյութ)- CivilNet’