‘
Շատ հաճախ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը, հայտարարությունները ոչ ընկալելի են ոչ միայն լայն քաղաքական գործիչների, այլև հաճախ իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հանար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ սա լրացուցիչ բարդություններ կառաջացնի ստացած ձայներն իրացնելու առումով:
«Սա լավագույն պայմանը չէ, որպեսզի այդ լիդերը ապահովի այդ կապիտալի իրացումն իր հեռակա քաղաքականզարգացումների ընթացքում: Ավագանու ընտրությունները սկսել են և այն բոլոր քաղաքական ուժերը, որ նախագահական ընտրություններին չմասնակցեցին, փորձում են օր առաջ վերահաստատել իրենց դիրքը ընդդիմադիր քաղաքական թևում, և Րաֆֆի համար այդ խնդիրը լուծելը դառնում է էլ ավելի դժվար»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մինասյանի կարծիքով՝ ընդդիմադիր թիվ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ դառնալու համար պետք է ունենալ ծրագիր, հետևողականություն:
«Հեշտ է հռչակել ծրագրեր, որոնք հրապուրիչ են առաջին հայացքից, սակայն իրականացման որևէ հեռանկար չունեն: Նման ծրագրեր Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց Սրեժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը հավակնում է դառնալ թիվ մեկը ընդդիմադիր դաշտում, պետք է իրատեսական ծրագրեր առաջարկի»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորի կարծիքով՝ այս ընտրությունները նախընտրական փուլում առանձնանում էին նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր քաղաքական ուժը ընդգծված լիդեր չէին ընդդիմադիր քաղաքական դաշտում:
«Այլ տարիներին ունեինք ընգծված քաղաքական լիդեր, որը ուներ բավականին հստակ ծրագիր հետընտրական զարգացումների վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված լիդեր չէր մինչև նախագահական ընտրությունները: Սա էապես պայմանավորում է այն զարգացումները, որոնց մենք ականատես ենք»,- ասաց Մինասյանը:
‘