‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում. Տեսանյութ’

1909

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հինգերորդ ամիսն է, ինչ Ազատության հրապարակում շարունակվում են նախկին զինծառայողների, ազատամարտիկների, եռամսյա հավաքների մասնակիցների բողոքի չընդհատվող գործողությունները: Նրանք դժգոհում են իրենց սոցիալական ծանր վիճակից, գործազրկությունից, առողջապահական խնդիրներից ու բժշկական անուշադրությունից, վիրավորանքի աստիճան ցածր նպաստից ու թոշակից: Միաժամանակ, առավել անհանգստացած են ահագնացող չափերի արտագաղթով, վերահաս պատերազմի վտանգով, ներքին ճգնաժամային վիճակով ու մտահոգ՝ երկրի ապագայով: Իրենց կենցաղից ու պետության անուշադրությունից բողոքավոր մեր հայրենակիցները այսօր էլ պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել մեր երկիրն ու սահմանները,անհրաժեշտ պահին նեցուկ ու հենարան լինել առաջին գծում ծառայող զինվորին ու սպային: Բողոքի ակցիաները դադարեցնելու, առավել աչքի ընկնողներին հավաքագրելու, ահաբեկելու անհաջող փորձերից բացի՝ հայրենի իշխանությունները մինչ օրս այդպես էլ ականջալուր չեն լինում նրանց պահանջներին, ուղիներ ու միջոցներ չեն գտնում բարձրացված խնդիրների թեկուզ մի մասի աստիճանական լուծման համար: Ի դեպ, խնդրին չի անդրադարձել նաև այս ընթացքում մոտ տասը քննարկում և լսում կազմակերպած ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը: ԱԺ-ն վերջերս ընդունած օրենսդրական մի նախաձեռնությամբ լուծեց ազատամարտիկ կամավորների մի մասին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցը: Սակայն նախկին զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական, առողջապահական, բնակարանային և այլ խնդիրների լուծումը պետության հավելյալ հոգածության կարիքն ունի: Հիշատակված խնդիրները կարգավորող «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 15 տարի առաջ, նրանում մինչ օրս մոտ 20 մասնակի լրացում ու փոփոխություն է կատարվել: Չնայած դրան՝ օրենքը վաղուց դադարել է բավարարել հատկապես զինծառայողներին հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների սոցիալական, առողջապահական և այլ պահանջները: «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, որպես խնդրի լուծման առաջին քայլ, առաջարկում է արմատապես լրամշակել վերը նշված օրենքը: Որևէ ուժի կողմից խնդրի քաղաքական շահարկումը կանխելու նպատակով դիմում ենք ԱԺ-ի նախագահին՝ օրենքը լրամշակող աշխատանքային խումբ ձևավորել ԱԺ–ում ներկայացված բոլոր խմբակցություններից և անկախ պատգամավորներից: Հայաստանի Հանրապետությունը չհատուցված պարտք ունի բոլոր ազատամարտիկ-կամավորներին: Հակառակորդին պարտադրված խաղաղությունը ձեռք է բերվել, առաջին հերթին, նրանց կյանքի ու առողջության գնով: 

Նախորդ հոդվածը‘Օգոստոսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նվազել է 10%’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մաքսային միությանը միանալու որոշման հիմքում պատմական փորձն է’