‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում ‘

1253

Ձեզ ենք ներկայացնում այսօր ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը:

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք

2003 թվականից ՀՀ ԱԺ-ի օրակարգում է (այդ թվում՝ քառօրյա նիստերի օրակարգում) Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» Եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Մի աներևույթ ձեռք վերը նշված Կոնվենցիայի վավերացումը հետաձգում է ԱԺ-ի գումարումից գումարում, նստաշրջանից նստաշրջան՝ արդեն տասը տարի: Կարելի է ենթադրել, որ  այս աննախադեպ ձգձգումը պայմանավորված է տարածաշրջանային խնդիրներով: Բայց սույն կոնվենցիան վավերացրած պետության պատասխանատվությունը սահմանափակվում է նրա տարածքում կատարված հանցագործություններով, և որ ամենակարևորն է՝ դրան միացել  է նաև Ադրբեջանը:

Այդ դեպքում ի՞նչն է այս Կոնվենցիայի՝ մինչ օրս չվավերացման պատճառը:

Չխորանալով բռնությամբ կատարվող հանցագործությունների եզրի սահմանման քրեաբանական նրբությունների մեջ՝ փաստենք, որ Կոնվենցիայի կարգավորման առարկան սպանություններից, խոշտանգումներից, մարմնական վնասվածքներ պատճառելուց և թվարկվածների համադրությամբ կատարված այլ ծանր հանցանքներից տուժածներին ու զոհերի իրավահաջորդներին պատճառված վնասի նյութական փոխհատուցման ապահովումն է:

Իշխանությունները կաշկանդված են վերջինիս վավերացմամբ, քանի որ  2004 թ. ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հարյուրավոր խաղաղ ՀՀ քաղաքացիներ են ջարդել ու փշրել, 2008 թ. մարտի 1-2 ին առնվազն 10 ՀՀ քաղաքացի են սպանել, հարյուրավորներին պատճառել ծանր, այդ թվում՝ հրազենային վնասվածքներ, խեղել ու հաշմանդամ դարձրել: Եվ մինչ օրս ոչ ոք դրանց համար պատասխանատվության չի կանչվել ու չի դատապարտվել:Հետևաբար,գործող օրենսդրության համաձայն՝ թե՛ սպանվածների իրավահաջորդները, թե՛ մարմնական վնասվածքներ ստացածները վնասի ոչ մի փոխհատուցում չեն ստացել:  Միևնույն ժամանակ, Մյասնիկյանի արձանին և քաղաքապետարանին հարող տարածքներում «թալանված» խանութների ու «վնասված»  ավտոմեքենաների սեփականատերերը, ՀՀ կառավարության կողմից «Երևան» հիմնադրամին հատկացված դրամական միջոցների հաշվին, ՀՀ գանձապետարանի անտոկոս մուրհակների և այլնի տեսքով լիակատար փոխհատուցվել են:

Իշխանությունները նախ պարտակում են անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված ծանր հանցանքները, մեղավորներին չեն կանչում քրեական պատասխանատվության, նրանց միջոցներից չեն փոխհատուցում հանցանքներից տուժածներին ու զոհերին, նաև մերժում են միջազգային իրավական միջոցներով ՀՀ քաղաքացիների՝ փոխհատուցում ստանալու արդարացի իրավունքը:

ՀՀ ԱԺ-ի կողմից այս Կոնվենցիայի վավերացումը կվերահաստատեր սեփական քաղաքացիների կյանքի ու առողջության պաշտպանության՝ Հայաստան պետության Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը, միաժամանակ՝ այն գործադիր ու դատական իշխանությունների  վրա ճնշման լուրջ լծակ կլիներ նշված հանցագործությունների բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»: 

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Հուսով էի՝ գոնե վերաքննիչ դատարանում ինչ-որ բան կփոխվի’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ կապ ունի Ս.Սարգսյանը հայ-ֆրանսիական «բացառիկ» հարաբերությունների հետ ‘