‘Գագիկ Ջհանգիրյան. Հանձնաժողովը այն լծակը կդառնա, որով մենք կպարտադրենք իշխանություններին բացահայտել Մարտի 1-ը ‘

782

Ինչպես հայտնի է` ԱԺ Կոնգրեսի խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, որ հանդես է գալիս Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք iLur.am-ի հարցազրույցը Գագիկ Ջհանգիրյանի հետ` իր նախաձեռնության մասին:  

Պարոն Ջհանգիրյան, հենց հայտարարեցիք Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարի մասին, տարօրինակ արձագանքներ եղան, հատկապես նախկին ընդդիմադիրների կողմից: Մասնավորապես, մեղադրանքներ հնչեցին, թե դուք այդ առաջարկով ընդամենը քաղաքական հարց եք փորձում լուծել` նախագահական ընտրություններից առաջ: Ինչպե՞ս կմեկնաբանեիք ձեր առաջարկը կապել նախագահական ընտրությունների հետ կապելու:

-Ճիշտն ասած, որեւէ հետին մտադրություն չի եղել, քանի որ Մարտի 1-2 դեպքերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը կամ խոստումը հնչել է նախընտրական շրջանում` Հայ ազգային կոնգրեսի կողմից եւ մենք, ըստ էության, կատարում ենք մեր նախընտրական խոսոտումներից մեկը:Բացի այդ,   մենք փորձում ենք օգտագործել ժամանակավոր հանձնաժողովի եւ պատգամավորի ունեցած լիազորությունները` Մարտի 1-2-ի թե՛ սպանությունների, թե՛ այլ ծանր հանցագործությունների չբացահայտումը շտկելու նպատակով: Սա է իրականությունը եւ որեւէ այլ խնդիր չկա. համենայնդեպս, ես` որպես այդ հանձնաժողովի ստեղծման նախագծի հեղինակ, որեւէ այլ մտադրություն չեմ ունեցել:

Այդ դեպքում ինչպե՞ս եք բացատրում այս արձագանքը: Իշխանությունները վախենո՞ւմ են այդ թեման շոշափելուց:

 

-Երեւի թե հարցի պատասխանը թաքնված է հենց այդ հանձնաժողովի ստեղծման նպատակների եւ խնդիրների մեջ, որովհետեւ մենք չենք ցանկանում կրկնել այն ճանապարհը, ինչը անցել է, այսպես կոչված, Նիկոյանի հանձնաժողովը: Այս դեպքում առաջին հերթին խնդիր ենք բարձրացնում ուսումնասիրել սպանությունների եւ մի քանի հարյուր մարմնական վնասվածքների դեպքերը: Ուզում ենք ուսումնասիրել այդ հանցագործությունների դեպքերին տրված իրավապահ մարմինների գնահատականների եւ կայացրած որոշումների օրինականությունը: Ինչպես տեսնում եք`սա բովանդակային առումով բոլորովին այլ խնդիր հետապնդող հանձնաժողով է:  

Հատկապես ԱԺ ընտրություններից առաջ եւ հետո Կոնգրեսի հասցեին պարբերաբար մեղադրանքներ էին հնչում, թե Կոնգրեսը մոռացության է մատնել Մարտի 1-ը: Կարելի՞ է ասել, որ սա պատասխանն է այս բոլոր քննադատություններին:

-Արդեն ասացի, թե այս հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության պատճառը որն է: Եւ սա երբեք չէր կարող լինել Ձեր հարցի պատասխանը, թե եթե մոռացել ենք, հիմա նախաձեռնում ենք: Կոնգրեսը երբեք չեր կարող մոռանալ Մարտի 1-ի խնդիրը:  Ընդհակառակը, Մարտի 1-ի բացահայտման, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ամենամեծ պահանջատերը եղել և մնում է Հայ ազգային կոնգրեսը:  ԵԽԽՎ, ԵՄ եւ այլ միջազգային կառույցներում անցած 4-5 տարիներին հիմնականում Մարտի մեկի խնդիրը բարձրացրել է Կոնգրեսը: Ինչպե՞ս կարող են մեղադրել Կոնգրեսին Մարտի 1-ի խնդիրը մոռանալու մեջ, երբ որ մեր աջակցությամբ է նաեւ Մարտի 1-ի զոհերի տուժողների իրավահաջորդների բողոքներն այսօր հասել Եվրոպական դատարան: Այդ մեղադրանքները քաղաքական շահարկումներ են և ոչ ավելի:

Ի՞նչ նպատակով:

-Կարծում եմ` որ փորձում են հասարակությանը համոզել, թե  Կոնգրեսն իբր շեղվել է իր նպատակներից: Մարտի 1-ը այն գինն էր, որն այս ռեժիմը վճարեց իր իշխանությունը, աթոռը պահելու համար:

Այդ քննադատությունները կապում են ԱԺ ընտրություններից առաջ ԲՀԿի հետ Կոնգրեսի համագործակցության հետ, ոմանք դրա հետեւում տեսել էին Ռոբերտ Քոչարյանի «ականջները», եւ հայտարարել, թե իբր հենց հանուն Քոչարյանի էլ մոռացաք Մարտի 1-ը:

-Համագործակցության մասին. ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ Դաշնակցության, Ժառանգության հետ նախընտրական միասնական շտաբում համագործակցություն եղել է: Այժմ ԱԺ-ում, այո, տարբեր օրենսդրական նախաձեռնությունների շուրջ հնարավոր էր այդպիսի համագործակցություն: Բացի այդ, կառավարության ծրագիրը հավասարապես քննադատվել է թե ԱԺ ընդիմադիր ուժերի, եւ թե ԲՀԿ ներկայացուցիչների կողմից: Եւ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել է այդ կառավարության ծրագրին:

Այս հանձնաժողովը ստեղծելու համար ո՞ւմ հետ եք համագործակցելու, երեկվա ասուլիսից հետո բանակցություններ սկսե՞լ եք այլ ուժերի հետ, եւ ու՞մ մասնակցությունն եք ակնկալում:

-Դեռ որեւէ նախնական պայմանավորվածություն ձեռք չենք բերել, ինչպես արդեն երեկ ասուլիսում հայտարարեցի, բայց ես համոզված եմ, որ մենք այս նախագիծը ուրբաթ, կամ երկուշաբթի կդնենք շրջանառության մեջ, եւ զուգահեռաբար կսկսենք բանակցությունները: Վստահ եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները կմիանան այս նախաձեռնությանը: Վստահ եմ, որ նաեւ այլ քաղաքական ուժերի անդամներ գուցեեւ միանան: Հիմա չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց ինչո՞ւ չէ, եթե ելնենք այն իրողությունից, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենք շահագրգիռ են Մարտի 1-ի բացահայտման գործով, բնական է, որ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանք էլ պետք է կողմ լինեն այս հանձնաժողովի ստեղծմանը: Այնպես որ, դեմ լինելը պետք է լուրջ պատճառաբանվի:

Իսկ Սերժ Սարգսյանի 2011-ի ապրիլյան հանձնարարկա՞նը` Մարտի 1-ի գործով նոր քննություն սկսելու վերաբերյալ:

-Մենք հայտարարել էինք, որ չենք հավատում թե Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն այդ հանձնարարականից հետո ձեռքերը քշտած անմիջապես պետք է լծվեն այդ հանցագործությունների բացահայտմանը: Եւ մենք ճիշտ էինք, եւ 2011-ի դեկտեմբերին ներկայացված ՀՔԾ-ի հանրային իրազեկումը դրա լավագույն ապացույցն էր: Մենք էլ փորձում ենք այս հանձնաժողովի միջոցով գնահատական տալ նրանց` այդ իրավապահ մարմինների կատարած գործողությունների եւ որոշումների հիմնավորվածությանը: Ընդամենն այդ գնահատականը` եզրակացության տեսքով պետք է ներկայացնենք ԱԺ-ին: Կանոնակարգով ժամանակավոր հանձնաժողովն այլ լիազորություններ չունի: Կամ եզրակացություն պետք է ներկայացնի, կամ` տեղեկանք, որն ինքնին որեւէ իրավական հետեւանքի չի հանգեցնում եւ ԱԺ-ն ինքը պետք է որոշի, թե այդ եզրակացությանը ինչ ընթացք է տալիս: Այնպես որ, սա միջոց է իշխանությունների ստեղծած փակուղուց Մարտի 1-ի գործը հանելու:

Ի դեպ, այս հանձնաժողովը ստեղծելու վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաեւ Փաստահավաք խմբի նախկին ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նա ասում է, թե այդ հանձնաժողովը ստեղծելու կարիքը չկա եւ որ դուք այսպիսով քաղաքական շահարկումներ եք անում:

-Որքան գիտեմ, այդ մասին Քոչարյանը հայտարարել էր այն օրվա առավոտյան, երբ ես կեսօրին պետք է ասուլիս հրավիրեի: Բնական է, որ այդ նախագիծը, որը ներկայացրել եմ ասուլիսին, Քոչարյանին ծանոթ չէր: Այսինքն, եթե մեր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը տառացի եւ բովանդակային առումով կրկներ նախորդ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, գուցե թե կարելի էր համաձայնվել պարոն Քոչարյանի հետ: Բայց քանի որ մեր հանձնաժողովը լիովին այլ ուսումնասիրության առարկա եւ նպատակ է հետապնդում, այդ պատճաով չեմ կարող համաձայնել մեր նախկին գործընկերոջ հետ: Ավելին, այո, հենց այս հանձնաժողովը պետք է դառնա այն լծակը, որով մենք կպարտադրենք գործող իշխանություններին բացահայտել Մարտի 1-ը, ինչու չէ, պարտադրել նաեւ, որպեսզի Փաստահավաք խմբի հատկապես վերջին մի քանի զեկույցները լուրջ քննության առարկա դառնան:

 

Զրուցեց Քրիստինե Խանումյանը  

 

 

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեն կոչ է արել հայերին՝ զսպվածություն դրսեւորել «Սաֆարովի հարցում» ‘
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Ինձ կարող է փոխարինել Գվարդիոլան’