‘Գագիկ Ջհանգիրյան. Մեր դատական համակարգը, ողբալի չասեմ, բայց շատ վատ վիճակում է’

1708

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ. 

Նախ՝ ես ուզում էի արձանագրել, որ մեր դատական համակարգը, ողբալի չասեմ, բայց շատ վատ վիճակում է, և մենք էլ Ազգային ժողովում փորձում ենք ավելացնել այդ դատական համակարգի անկախության, ինքնուրույնության կոմպոնենտը: Բայց զարմանում եմ մեր Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների այս անտարաբերության վրա, որովհետև սա առնչվում է բոլոր քաղաքացիներին, յուրաքանչյուր քաղաքացու, առավելևս՝ եթե մենք չունենանք անկախ՝ ինքնուրույն դատական իշխանություն, որևէ  ծրագիր այս երկրում, որևէ առաջընթաց ես բացառում եմ: Որովհետև մարդը, նախ և առաջ, պետք է պաշտպանված լինի, իր իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկողմնակալ և անաչառ դատարանի կողմից: Ցավալի է, որ մենք կիսադատարկ դահլիճում ենք այս նախագիծը քննարկում:

 Հիմա, ըստ էության, ես իմ ելույթն ուզում եմ  կառուցել երկու մասից.  մեկը` բուն այս նախագծի վերաբերյալ, մյուսը՝ ընդհանրապես, որովհետև  նախանցած օրը մենք էլի ընդունեցինք դատական  օրենսգրքում մի փաթեթ, վստահ եմ՝ կա ևս մեկը, արդեն շրջանառության մեջ է,  և այս երեք փաթեթները,  եթե կարելի է ասել, կոչված են ապահովելու  դատաիրավական բարեփոխումների  այն  հատվածը, որը վերաբերում է դատական իշխանությանը ու  նաև դատավարությանը՝ մասնակիորեն:

 Հիմա՝ այս նախագծի վերբերյալ: Լավ է, որ պարոն  Սահակյանը հնչեցրեց  այն հարցը, որը ես էլ պետք է բարձրացնեի:  Բայց արդեն ավանդույթ է դառնում, որ մեր Կառավարությունը  մեր հանձնաժողովներում, մասնավորապես՝ պետաիրավական  հարցերի հանձանժողովի մասին եմ խոսում,  արված դիտողությունների հետ համաձայնում է, ընդունում են,  բայց նորից մեզ  բաժանվում է մի տեքստ, մի նախագիծ, որտեղ, թեև մեր բարձրացրած շատ-շատ հարցեր ընդունվել էին զեկուցողի, կառավարության  ներկայացուցչի կողմից,  էստեղ ասում են՝ դա կանենք  առաջինից երկրորդ ընթերցում: Այսինքն՝ տեսեք, մենք մի քայլ առաջ էինք գնում, փորձում էինք առաջին ընթերցմանը արդեն շատ թե քիչ համաձայնեցված  նախագիծ ներկայացնել, որի  վրա առաջինից երկրորդ ընթերցում  արդեն կարելի էր կատարել  երկրորդ լրացուցիչ բարելավման  կամ խմբագրական աշխատանքը, հիմա էդ մի  փուլը էդպես անտեսում ենք, և այն պայմանավորվածությունները,  որ ձեռք են բերվել հանձնաժողովում, արդեն «վաճառում» ենք երկրորդ ընթերցման ժամանակ (այդ բառը չակերտների մեջ եմ գործածում ):

Եվ ստացվում է, որ իբր աշխատել ենք,  գործ ենք արել, մի մասը ընդունվել է, մի մասն էլ չի ընդունվել: Իհարկե, բովանդակային առումով պետք է  ասեմ, որ զգալի փոփոխություններ տեղի են ունցել, էստեղ հարակից զեկուցողը նշեց այն հիմնական վտանգավոր դրույթները, որ  մենք միակամ  պարտադրել ենք, և հանվել են այս  նախագծից, բայց ձեզ ասեմ՝ մենք  դրանով դեռ խնդիրը վերջնական չենք լուծել:

Հիմա անցնում եմ իմ ելույթի մյուս  ընդհանուր բաղադրիչին:

Տեսեք՝ մենք ինչ արեցինք  նախորդ նախագծով, երբ քվեարկեցինք,  եթե չեմ սխալվում՝ երեքշաբթի: Մենք ստեղծեցինք դատավորների  ընդհանուր ժողովի  կազմում  էթիկայի և կարգապահական  հարցերի հանձնաժողով: Ի՞նչ  արեցինք այդ հանձնաժողովների հետ: Նրանց հանեցինք արդարադատության խորհրդի կազմից: Ես, եթե հիշում եք,  այդ օրենքի քննարկման ժամանակ էլ  ասացի՝ այո, դա խնդրի մի լուծում է, մենք  վարույթ հարուցող մարմնին  արգելեցինք  կամ դուրս հանեցինք հարցը լուծող մարմնի կազմից: Բայց մենք  հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք, որովհետև եթե մենք այդ հարուցող մարմնին  դուրս էինք բերում արդարադատության խորհրդի կազմից, որովհետև  մեր մտքում և հրապարակավ համարում էինք, որ արդարադատության խորհուրդը դարձել է Վճռաբեկ դատարանի նախագահի համար ճնշիչ, մամլիչ մարմին՝ ցանկացած դատավորի ինքնուրույնությունը  ու անկախությունը ճնշելու  համար, մենք հիմա  դրանով այդ խնդիրը չլուծեցինք: Ավելին, մենք ավելի վատթարացրինք էթիկայի  և կարգապահական այդ  հանձնաժողովի անդամների՝  ապագա անդամների անկախության խնդիրը: Որովհետև  եթե այնտեղ ունեինք գոնե չորս իրավաբան գիտնական՝ երկուսին մենք էինք նշանակել,  երկուսին նշանակել էր հանրապետության նախագահը, մեկը ապարատի աշխատող է, մեկը իրավաբանական ֆակուլտետի դեկան է  և այլն, և այդ  հարուցման հանձնաժողովի մեջ  մշտապես այս չորսից մեկը  կարող էր մասնակցել  և ինչ-որ հակակշիռ մտցնել  վճռաբեկ դատարանի ազդեցությունը չեզոքացնելու  կամ բալանսավորելու հարցում, մենք հիմա էդ էթիկան  և կարգապահական հանձնաժողովը հանեցինք  դրեցինք դատավորների ընդհանուր ժողովի վրա, որ այդ ժողովը ընտրի: Ճիշտ է, գրել ենք՝ ընտրություն, բայց ով չի իմանում, որ այդ դատավորներին ընդհանուր ժողովը, դատավորների միությունը, նախագահների խորհուրդը  և էլի ինքնակազմակերպչական այլ մարմիններ՝  եթե  կան, այդ բոլորը վճռաբեկ դատարանի  նախագահի անձնական, էսպես ասեմ՝  ֆազենդան է կամ վոտչինան է (կներեք էդ բառի օգտագործման համար):

Ես վերանում եմ վճռաբեկ դատարանի  նախագահի անձից:  Դրանից առաջ էլ  վճռաբեկ դատարանի նախագահը  այսօրվա արդարադատության  նախարարն էր, որևէ փոփոխություն  տեղի չի ունեցել: Հիմա նայենք՝ այս նախագծի հետ մենք ինչ ենք անում: Մենք ստեղծում ենք ևս մի մարմին՝ գնահատման մարմին, գնահատման հանձնաժողով,  և ասում ենք՝ մենք  ուզում ենք առաջխաղացման և այլնի համար  օբյեկտիվ չափանիշներով ղեկավարվել, որպեսզի թե՛ արդարադատության խորհուրդը, թե՛  նշանակողը և այլն,  կարողանան օբյեկտիվ չափանիշներ ունենալ:

Ա՛յ սիրելիներս, մենք ջրից դուրս ենք գալիս, ընկնում ենք ջրհորը,  հիմա մի հատ էլ գնահատման հանձնաժողով ենք սարքում, դեռ լավ է, փառք Աստծու, մեզ հաջողվեց ամենամյա գնահատումները գոնե էստեղ  դարձնել երեքամյա, որը էլի խայտառակ  բան է, որովհետև  դատախազությունում երեք տարին մեկ բոլոր դատախազներին ատեստացիա էինք անում ՝ պարտադիր, նույնը քննչական ապարատում է, նույնը  օպերատիվ ծառայություններում է, այսինքն՝ մենք դատավորներին նայում ենք  էնպես, ինչպես գործադիր մարմնի  աշխատակիցներին, իրենց բերում ենք, երեք տարին մեկ գնահատում ենք: Իհարկե, լավ է, որ  հանեցինք երկու անգամ բացասական գնահատման արդյունքում  կարգապահական վարույթի հարուցման և հետկանչի այդ ինստիտուտը: Բայց մենք նրանց ցանկացած  առաջխաղացում կապում ենք այս  գնահատման հետ:

Հիմա, իհարկե,  սա Կիևյան հանձնարարականների տեղայնացում է, կամ  կատարում է, սա լավ է,  այս բոլոր հանձնարարությունները,  իմիջիայլոց,  բոլոր  փոփոխությունները, որ արվում են, ներկայացվում են որպես միջազգային պահանջների կատարում, և բնական է , մենք դրանք պետք է անենք, բայց մենք այս  ստրկատիրական կարգերը դատական համակարգում փոխում ենք ճորտատիրականով:  Բան չենք անում: Նրանց գոնե բուրժուադեմոկրատական ազատություններ չենք տալիս:

Ո՞րն  է տարբերությունը ստրուկի և ճորտի:  Ստրուկը հողին կպած չէ, ճորտը հողին կպած է: Հիմա, սրանց մենք կպցնում ենք էդ իրենց զբաղեցրած աթոռին, ասում ենք՝ այ, որ դու մնաս էստեղ, պիտի քեզ տարին մեկ՝ քանակական, իսկ երեք տարին մեկ՝ որակական գնահատական տան, խելոք մնաս՝ էթիկան քո նկատմամբ վարույթ չի հարուցի, կարգապահականը միջնորդություն չի տանի արդարադատության խորհուրդ և այլն:

Ես վստահ եմ, որ կառավարության ներկայացուցիչը ինձ հետ  համամիտ չէ, բայց այն բոլոր մարդիկ, ովքեր  այս խոհանոցը գիտեն,  այն  բոլոր պատգամավորները,  ովքեր  մտերիմ, ազգական դատավորներ ունեն, համակուրսեցիներ ունեն, կարող են  հետաքրքրվել:

Այո, ասացի՝ ճորտատիրական կարգեր են տիրում, որովհետև   կարևոր չէ, թե գործը ինչ ավտոմատ համակարգով ում բաժին կընկնի, դա կարևոր  է դատարանի  անկախության պարագայում … Այս  դատավորի համար ի՞նչ կարևոր է՝  էլեկտրոնայինո՞վ է էդ պատվիրված գործը կամ գործը, որով պիտի պատվեր իջեցվեր՝  եկել իր մոտ, թե՞ դատարանի նախագահն է մակագրել իրեն: Բացարձա՛կ:

Դրանով մենք կարողանո՞ւմ ենք ապահովել նրա անկախությունը՝ ոչ: Կամ եթե մենք շարադրում  ենք էս նախագծերում  այն հիմքերը, որոնցով պետք է վարույթ ընդունվեն,  պետք է պատճառաբանված լինի, և փորձում ենք հնարավորինս լավ գրել,  բայց եթե մենք դա թողնում ենք  էլի սուբյեկտիվ հայեցողությանը,  երբ ասում ենք՝ դատարանը ինքը պետք է որոշի՝  գործը վարույթ ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում: Գիտեք, ես էս խնդրի վերաբերյալ բազմիցս արտահայտվել եմ  և մտավախություն ունեմ, որ  կարող եմ էլի կրկնել նույն մտքերը…

Ինքնին, եթե մենք նայում ենք այս փաթեթները, որ  ներկայացվում են, այն լուծումներն ու մեխանիզմները, որ առաջարկվում են՝ որպես դատաիրավական  բարեփոխումների այդ  ընթացքի առաջարկվող մեխանիզմներ,  դրանք ստեղծված  վիճակին ադեկվատ չեն:

Որպեսզի ավելի պատկերավոր ասեմ՝  եթե մի հիվանդ  անհրաժեշտություն ունի շտապ  վիրահատական միջամտության, և մենք նրան թերապևտիկ միջոցներով, չգիտեմ՝  մասաժով, դեղերով  և այլն, փորձենք բուժել՝ ի՞նչ  պետք է դուրս գա:  Մենք կարող ենք ժամանակավորապես մեղմել ցավերը, քնեցնել  ինչ-որ ժամանակ, որ չզգա էդ հիվանդության ծանր ապրումները, բայց մենք հիվանդին չենք բուժելու: Հիմա՝ էս առաջարկությունները՝ Կիևյան, Վենետիկի և այլն, գուցե եվրոպական, նաև Արևելյան Եվրոպայի  երկրներից  շատերի համար ընդունելի են, և  եթե վերանանք  իրավիճակից, ինձ  համար էլ են ընդունելի, բայց այն վիճակում, որ գտնվում է մեր դատական համակարգը, մենք հիմա իրեն առաջարկում ենք կոսմետիկ միջոցներ՝ նոր վարսավիրանոց ընտրել, նոր լաքի կամ մանիկյուրի պարագաներ գործածել, բայց մենք խնդիրը չենք լուծում:

Հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն: Մենք 2007 թ.  դատական օրենսգրքով, այո,  մի քայլ արեցինք,  մենք, էսպես ասեմ՝ անջատեցինք դատական  համակարգը կամ արդարադատության համակարգը գործադիրի  ստորին օղակներից, օրենսդրից անկախացրինք, բայց անջատելով՝ մենք  ստեղծեցինք ինքնուրույն գործադիր  մարմին, եթե կուզեք՝ դատարանների նախարարություն,  և այդ դատարանների  նախարարության գլխավոր ղեկավարը մինչև այսօր մնում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ինքն է էդ բուրգի ղեկավարը:  Այսինքն՝ մենք այն գործադիրի  ամենաբարձրագույնից չենք տարանջատել,  բերել ենք, մի բուրգի տակ ենք դրել  դատավորներին և դատարաններին,  և հիմա չունենք ո՛չ որևէ  անկախ ստորին դատական  օղակ, ո՛չ էլ  այդ օղակներում գործող անկախ դատավոր:

Ես այս թեմայով, գիտեք, երբմեն այնքան եմ խոսում, որ արդեն  հուսահատվում եմ, բայց եթե դատավորը զեկուցագիր է գրում,  տեղեկանք է գրում վերադաս  դատարանի պալատի նախագահին կամ դատարանի նախագահին,  թե իր վարույթում ինչ գործ է ստացել, ինչ մեղադրանքով, ինչ է մտադիր անել, կամ վճռի նախագիծ են ներկայացնում վերև՝ համաձայնության, կամ գնում է զեկուցման ակնկալվող դատական ակտը համաձայնեցնելու համար: Հիմա, էսպիսի դատական համակարգ ունենալով, նաև մեր կառավարության ընկերները շատ լավ  գիտեն, մյուս փոխնախարարը՝ նորանշանակ, շատ լավ գիտի, ինքը եկել է  վերաքննիչ քաղաքացիական դատարանից, գիտի՝ ինչ է կատարվում, հիմա  մենք էսպիսի մեթոդներով ասում ենք՝ մենք արդարադատության բարեփոխման, դատաիրավական բարեփոխման խնդի՞ր ենք լուծում:

 Աստված կտա, երևի, կապրենք՝ կտեսնենք, որ էս նախագծերով որևէ դատարանի կամ դատավորի անկախության խնդիր չենք լուծում: Ես ասացի՝ էդ հանձնաժողովները տեղափոխելով դատավորների միություն կամ ժողով՝ մենք լրացուցիչ լծակներ ենք ստանում նույն դատավորի վրա: Գնահատման համակարգը մտցնելով՝ մենք լրացուցիչ հնարավորություն ենք ստանում կամ լծակ ենք ստանում դատավորի ինքնուրույնությունը սահմանափակելու առումով: Որպեսզի շատ չխտացնեմ գույները, ես ուղղակի ասեմ, որ խնդիրը համակարգային, արմատական լուծման կարիք ունի: Էս միջոցներով, որը ներկայացնում էր նախորդ կառավարությունը, ցավոք՝ հիմա էլ ավտոմատ ժառանգել է նոր կառավարությունը, և առանց վերանայելու մտել է օրակարգ ու գալիս է, ես կարծում եմ՝ մենք սրանով որևէ լավ բան չենք անելու: Եւ  եթե իմ մասնագիտական տեսակետի հետ համակարծիք չեք, ես մեր ԱԺ պատգամավորներին խորհուրդ եմ տալիս այս նախագծերը կամ այս խնդիրները քննարկել իրենց մտերիմ դատավորների հետ, կարծում եմ՝ արդյունքը բոլորի համար ակնհայտ կլինի, եթե հիմա որևէ կասկածանք մնացել է: Այնպես որ՝ սկզբունքորեն դեմ չլինելով այս տեքստային ձևակերպումներին՝ ես բովանդակային առումով դեմ եմ իրավիճակի շտկման այս մեթոդներին: Սրանք թերապևտիկ, կոսմետիկ մեթոդներ են, որոնք չեն լուծելու չարորակ ուռուցքի խնդիրը, որը մեր դատական համակարգում արդեն բուն է դրել և սարդոստայն է հյուսել:

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. «Թաքսիմի» ակտիվիստների գործը հասել է դատարան’
Հաջորդ հոդվածը‘Ռոգոզինը կոչ է արել ԽՍՀՄ փլուզումից հետո «հավաքել քարերը»’