‘Գագիկ Ջհանգիրյան. Պահպանել համամասնությունը իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների համար’

758

Ազգային ժողովում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրինագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտրարեց, որ օրինագծով խախտվում է իշխանության թեւերի միջեւ համամասնությունը:

Նրա խոսքով՝ գործադիր, օրենդիր եւ դատական իշխանությունները մեկը մյուսին ստորադասված չեն, բայց ներկայացված օրինագծում աշխատավարձերի ավելի բարձր գործակիցներ են սահմանված օրենսդիր եւ գործադիր մարմինների պաշտոնյաների համար, քան` դատական իշխանության:

Միեւնույն ժամանակ, ըստ Ջհանգիրյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի համար ավելի բարձր աշխատավարձ է առաջարկվում, քան, օրինակ, Վճռաբեկ դատարանի նախագահի:

«Այս երեք թեւերը համարժեք նշանակություն ունեն, իմ կարծիքով` դատական իշխանությունները ավելի մեծ կարեւորություն ունեն: Դատարաններին ավելին պետք է տայինք, չնսեմացնենք գործադիրի եւ օրենսդիրի համեմատ: Դատական համակարգի աշխատողի աշխատավարձը ստորադասելով՝ որքանո՞վ ենք նպաստում դատարանների անկախությանը: Եթե պատասխանատվության չափի խնդիրն է, ապա գործադիրի պատասխանատվությունն ավելին չէ, քան արդարացի կամ անարդարացի ակտ հրապարակող դատավորինը», — նշեց պատգամավորը: Նա ընդգծեց, որ ըստ էության, առաջարկում է պահպանել համամասնությունը իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների համար:   

Օրինագծի հիմնական զեկուցող՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանն ի պատասխան հայտարարեց, որ պատրաստ է քննել համապատասխան առաջարկները եւ օրինագծի մեջ ճշգրտումներ անել: 

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը` Հովիկ Աբրահամյանին. Ձեզ դժվարին օրեր են սպասվում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տ.Սարգսյանը կմեկնի Բրյուսել’