‘
Գազայի բնակիչ, պաղեստինցի Ռաբի Դարդունան հայտարարել է, որ իրեն խաբեությամբ ստիպել են շատ ցածր գնով վաճառել հայտնի բրիտանացի ավանգարդիստ նկարիչ Բենքսիի որմնանկարը, որի իրական արժեքը կարող է հասնել մի քանի հարյուր հազար դոլարի:
BBC-ին Դարդունան հայտնել է, որ Գազայում իր ավերված տան միակ կանգուն մնացած պատի վրա նկրաչի արած որմնանկարի համար ինքը ստացել է 175 դոլարից պակաս: Տունն ավերվել է անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական ռմբակոծություններից:
Բենքսին, որի իսկական անունն ու անձը անհայտ են, Գազա է այցելել փետրվարին և շենքերի փլատակներն օգտագործել է որպես «կտավ»` իր որմնանկարների համար: Դարդունայի ավերված տան պատին նա նկարել էր հունական արտասվող աստվածուհու պատկեր: Դարդունայի խոսքով՝ այդ կոմպոզիցիան իրեն համոզել է վաճառել տեղացի մի սպեկուլյանտ, որը ներկայացել է որպես նկարչի գործակալ և դրա համար վճարել 175 դոլար:
Անցյալ տարվա օգոստոսին Բենքսիի մեկ այլ կոմպոզիցիա, որ նա արել էր Բրիստոլում ակումբի պատին, վաճառվել էր 590 հազար դոլարով: Փոխանցում է BBC-ն:
‘