‘Գազի գինը չհայտնելը՝ քրեական հանցագործությու՞ն ‘

963

«ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը հրապարակեց 2012 թվականի ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությունը։ Անցած տարվա չորրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 510 միլիոն խորանարդ մետր գազ, որի գինը ՀՀ սահմանին կազմել է129 միլիոն դոլար։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր հազար խորանարդ մետր գազի գինը 254 դոլար է և ոչ թե 180 դոլար : Ինչ է սա նշանակում։ ՀՀ բնակչությանը վաճառվող գազի սակագինը 132 հազար դրամ է (1000 խմ-ն)։ Այդ սակագնի մեջ, որպես ներկրվող գազի գին դրված է 180 դոլարը։ Այսինքն՝ «Հայռուսգազարդը» գազը գնում է ոչ թե 180 դոլարով, այլ 254 դոլարով, բայց բնակչությանը վաճառում է նախկին՝ 132 հազար դրամով։ «Հայռուսգազարդի» մոտ սրա հետևանքով առաջանում է ֆինանսական մեծ ճեղքվածք։ Հիմա փորձենք հաշվել, թե որքան է այդ ճեղքվածքը։ Ըստ ՀՀ ՊԵԿ հրապարակած տեղեկանքների, ներկրվող գազի գինը սկսել է բարձրանալ դեռ 2011 թվականի հուլիսից։ Այդ տարվա երկրորդ եռամսյակում գազի գինը արդեն 205 դոլար էր, հետո սահուն դարձել է 217 դոլար, ապա 219, ապա 244 և 2012-ի վերջին եռամսյակում, ինչպես նշեցինք՝ 254 դոլար։ Այս 15 ամիսների ընթացքում «Հայռուսգազարդի» ճեղքվածքը արդեն ավելի քան 140 միլիոն դոլար է։ Ոնց էլ լինի, այդ ճեղքվածքը պետք է փակվի։ Որտեղի՞ց ճարել 140 միլիոն դոլար։ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին», իսկ 20 տոկոսը ՀՀ կառավարությանը։ Գնահատված արժեքով այդ 20 տոկոսի գինը մոտավորապես հենց 140 միլիոն դոլար է։ Ֆինանսական այդ ճեղքվածքը ամենայն հավանականությամբ կփակվի հենց այդ 20 տոկոսով։ Այս ձևակերպումների մեջ գուցե այնքան էլ ակնհայտ չդարձավ, որ գործ ունենք քրեական հանցագործության հետ։ 2011 թվականից մատակարարվող ռուսական գազը թանկացել է, որի հետևանքով համաչափորեն պետք է բարձրանար նաև սպառողներին մատակարարվող գազի սակագինը։ Չի բարձրացվել մի պատճառով՝ քաղաքական իրավիճակը լարված էր, իշխանությունը ստիպված բանակցում էր ընդդիմության հետ, իսկ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ էին։ Այս փուլը իշխանությունը մի կերպ մարսեց, բայց 2013-ին էլ նախագահական ընտրություններ էին, ու հայտնի չէր, թե ինչպես կզարգանան ներքաղաքական գործընթացները։ Հիմա էլ արդեն ընտրություններին մի քանի օր է մնացել։ Այլ կերպ ասած, գործող իշխանությունը շահադիտական նպատակներով այնպես է արել, որ ՀՀ սեփականությունը դառնա մեկ ուրիշինը։ Իսկ սա քրեական հանցագործություն է։ Իսկ գազը թանկանալու մասին «ուրախ լուրը» հանրությանը կհայտնեն միայն ընտրություններից հետո։ Ըստ նախնական հաշվարկների, բնակչությանը մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կդառնա առնվազն 180 հազար դրամ ներկայիս 132 հազարի փոխարեն»,- գրում է այսօր «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Փախստականների ճամբարն Իրաքում ենթարկվել է ականանետային գնդակոծության, կան զոհեր և վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ պաթոլոգիկ ստախոս’