‘Գազի որակը «գնալով ավելանում է», վստահության մակարդակը` նվազում — iLur-ի հետաքննությունը (տեսանյութ)’

1997

Անցնող հունվարին հայաստանցիների քննարկման հիմնական թեմաներից մեկը ծախսած գազի դիմաց ստացված անտանելի խոշոր չափի «պարտամուրհակներն» էին: Մարդիկ դժգոհում են, որ թեեւ գրեթե կրկնակի շատ են վճարում գազի դիմաց, բայց բնակարանները կարգին չեն ջեռուցվում: Շատերը սա բացատրում էին նրանով, որ թանկացմանը զուգահեռ՝ նվազել է նաեւ մատակարարվող գազի որակը:
Մենաշնորհատեր «Հայռուսգազարդ»-ը ի պատասխան հայտարարում էր, որ պատրաստ է յուրաքանչյուր քաղաքացու պահանջով շարժական լաբորատորիայի օգնությամբ ստուգել մատակարարվող գազի կալորիականությունը:
iLur.am-ը, հետեւելով այս հայտարարությանը, հրավիրեց «Հայռուսգազարդի» մասնագետներին` ստուգելու պատահականորեն ընտրված բաժանորդին մատակարարվող գազի կալորիականությունը:
Նշենք, որ, ըստ ԱՊՀ երկրներում ընդունված չափորոշիչների, մտակարարվող գազի կալորիականության նվազագույն շեմը 7600 կիլոկալորիան է: Մեր ներկայությամբ «Հայռուսգազարդի» մասնագետների իրականացրած չափումը ցույց տվեց, որ Երեւանի կենտրոնում մատակարարվող գազը տվյալ պահին (հուվարի 21-ին) 8300 կկալից ավելի է: «Հայռուսգազարդի» միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիայի ղեկավար Էդիկ Տեր-Ստեփանյանի խոսքով՝ հայաստանցի սպառողներին մատակարարվող ռուսական գազի միջին կալորիականությունը սովորաբար 8200 կկալից պակաս չի լինում: Մասնագետները պնդում են նաեւ, որ անհնար է գազի բաղադրությունը փոխելու միջոցով նվազեցնել մատակարարվող գազի որակը եւ սպառողի հաշվին հավելյալ շահույթ ապահովել, քանի որ բնական գազի բաղադրության փոփոխությունը (օդ խառնելը) կարող է պայթյունավտանգ լինել: «Հնարավոր է միայն բնական գազի մեջ ազոտի պարունակությունը մեծացնելով նվազեցնել կալորիականությունը, սակայն, քանի որ ազոտի գինը բավական բարձր է, տեսականորեն մատակարարողին ձեռնտու չի լինի նման բան անել», — նշեց Տեր-Ստեփանյանը:
Բացի դրանից, «Հայռուսգազարդի» ներկայացուցիչները ընդգծում են, որ գազի սակագինը ֆիքսված է եւ կալորիականությունն, ըստ էության, գազի գնի վրա չի անդրադառնում: Նկատենք, որ սա, մի կողմից կարող է ձեռնտու լինել սպառողի համար, այն դեպքում, եթե մատակարարվող գազի կալորիականությունը միջինից բարձր լինի, մյուս կողմից, միջինից ցածր կալորիականության գազ ստանալու դեպքում սպառողը կտուժի: Ամեն դեպքում, «Հայռուսգազարդը» պնդում է, որ թույլատրված նվազագույնից շուրջ 5 տոկոսով ավելի «արժեքավոր» գազ է մատակարարում` շարունկաբար ձգտելով բարելավել սպասարկման որակը:

Գազի կալորիականությունը սեփական լաբորատորիայի միջոցով ստուգելու հնարավորություն ունեցող խոշոր սպառողների` «Երեւանի ՋԷԿ»-ի եւ «Հրազդան ՋԷԿ»-ի ներկայացուցիչները նույնպես վստահեցրին, որ կալորիականության մակարդակը սովորաբար 8200 կիլոկալորիայից պակաս չի լինում: 

Իր հերթին՝ «Հայռուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը iLur.am-ին հայտնեց, որ ընկերությունը պատրաստ է շահագրգիռ անհատների եւ կազմակերպությունների առաջարկով ամսվա մեջ մեկ օր գազի որակի ստուգումներ անցկացնել ցանկացած վայրում:
Այնուհանդերձ, անկախ փորձագետ, տնտեսագետ Սամվել Ավագյանը iLur.am-ի թղթակցի հետ զրույցում կասկած հայտնեց «Հայռուսգազարդի» իրականացրած չափումների արդյունքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ տարօրինակ է, երբ մատակարարվող ապրանքի որակի մասին եզրակացություն է տալիս հենց մատակարարողը: «Պատկերացրեք, որ խանութից անորակ մածուն եք առնում, տանում եք ստուգման, եւ ձեզ ասում են, որ ստուգումն իրականացնելու է արտադրող ընկերությունը: Պարզ է, չէ՞, որ արտադրողն իր ապրանքի անորակությունը հաստատող եզրակացություն չի տա», — նշեց փորձագետը:

Հաշվիչը չի՞ «խաբում»

Գազի անհամարժեք թանկության հնարավոր պատճառներից մեկն էլ կարող է լինել գազի հաշվիչների անսարքությունը: Ի տարբերություն այլ ծառայությունների (էլեկտրաէներգիա, ջուր) ծախսը չափող հաշվիչների, որոնք սպառողի սեփականությունն են, գազի հաշվիչները կրկին մատակարարող ընկերության` «Հայռուսգազարդի» սեփականությունն են: Դրանք, ճիշտ է, մինչեւ տեղադրվելը ստուգաչափվում են Չափագիտության ազգային ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գազի հաշվիչները պարբերաբար ստուգաչափվում են, բացի դրանից, կարող են որոշակի գումարի դիմաց ստուգվել բաժանորդի պահանջով: Ինչպես հերթական, այնպես էլ բաժանորդի պահանջով արվող ստուգումներն իրականացնում են Չափագիտության ինստիտուտի մասնագետները, եւ ստուգման արդյունքում շեղումներ հայտնաբերելու դեպքում` տարբերությունը փոխհատուցվում է կամ բաժանորդի, կամ էլ մատակարարի օգտին:
«Պատասխանատվությունը մեզ մոտ անհատական է. եթե կոնկրետ մասնագետը սխալ եզրակացություն տա, դա կարող է բացահայտվել անգամ մի քանի տարի հետո», — նշեց Սահակյանը:

Այնուհանդերձ, պետք է նկատել, որ թեեւ հաշվիչները ստուգաչափում են Չափագիտության ինստիտուտի մասնագետները, սակայն ստուգաչափումը եւ վերանորոգումը իրականացվում է հիմնականում «Արմավիր Գազմաշ» գործարանում: Իսկ «Արմավիր Գազմաշի» հիմնադիրը եւ բաժետերը նույն «Հայռուսգազարդն» է: 

Ինչպե ՞ս փարատել սպառողի կասկածները

Այնուհանդերձ, փաստ է, որ բնակիչները դժգոհ են մատակարարվող գազի գնից ու որակից: Բնակչության կասկածները փարատելու համար տնտեսագետ Սամվել Ավագյանն առաջարկում է հակակշիռների մեխանիզմների միջոցով արդյունավետ վերահկողություն իրականացնել: Մինչդեռ, «Հայռուսգազարդը» մենանորհ ունի ոչ միայն գազի տեղափոխման եւ մատակարարման ոլորոտւմ, այլեւ գազի որակի չափման, հաշվիչների տրամադրման ոլորտներում:
Ավագյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ գազի որակի մասին եզրակացություն տա գազի մատակարարման լիցենզիա տրամադրող գերատեսչությունը, տվյալ դեպքում` Հանրային ծառայությունները կարգավոող հանձնաժողովը կամ անկախ փորձագիտական մարմինը, ինչպիսին Հայաստանում, փաստորեն, չկա:

Հ. Գ. Մեր կողմից ավելացնենք, որ գազի ոլորտում գործող մենաշնորհը Հայաստանում տիրող ամբողջատիրական քաղաքական համակարգի մանրակերտն է, որտեղ բոլոր վարչական եւ վերահսկողական ռեսուրսներին տիրապետող ուժը փորձում է հանրությանը վստահեցնել, թե «ամեն ինչ թղթերով կարգին է»` սկսած ԿԸՀ արձանագրություններից, վերջացրած` Ազգային ժողովում «վավերացված» հայ-ռուսական գազային համաձայնագրերով:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում նոր սկանդալ է պայթել՝ նախկին վարչապետի հետ կապված’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում ուկրաինական իշխանությունների և ընդդիմության դեմ’