‘«Գազպրոմ Հայաստանը» շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը’

997

«Գազպրոմ Հայաստան» ընկերությունը շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2014 թվականի արդյունքներով կրկին զբաղեցնելով առաջին տեղը, ՀՀ պետական բյուջե վճարելով 42.8 մլրդ դրամի հարկեր: Ըստ ՀՀ Հարկային ծառայության տվյալների, երկրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքանիշը` ՎիվաՍել-ՄՏՍ), վճարելով 28.9 մլրդ դրամ: Երրորդ տեղն է զբաղեցնում «Ալեքս Գրիգ» ընկերությունը, վճարելով 21.6 մլրդ դրամի հարկեր: Չորրորդն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն` 19.9 մլրդ դրամ և առաջատար հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), վճարելով 16,5 մլրդ դրամ: Ըստ աղբյուրի, վեցերորդ տեղում է նավթամթերքի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որը վճարել է մոտ 12 մլրդ դրամի հարկեր, իսկ մյուս խոշոր նավթաթրեյդերը` «ՍիՓիԷս Օյլ Կոպորեյշն» ընկերությունը զբաղեցրել է իններորդ տեղը, վճարելով 9.6 մլրդ դրամ: Ուշագրավ է, որ «Արմավիա» ընկերոթյունը, որն 2013-ի ապրիլի 1-ից սկսել է սնանկության գործընթացը, դադարեցնելով չվերթները, 11-րդ տեղում է խոշորագույն հարկատուների ցուցակում և պետական բյուջեին վճարել է 7,2 մլրդ դրամ: Հավանաբար խոսքը գնում է պետության հանդեպ հարկային պարտավորությունների և տույժերի մարման մասին:

Հարկ է նշել, որ հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 5,027,223.6 հազար դրամ, 676-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 157,680.6 հազար դրամ, 749-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 141,474.9 հազար դրամ և 809-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 131,156.9 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ 1,243,003.7 հազար դրամ:

Նշենք, որ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է դեպի Հայաստան ռուսական գազի միակ ներկրողը, ինչպես նաև`«Գազպրոմ» ԲԲԸ 100% դուստր ընկերությունը:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին ժամանակին Բենզեմային գերադասել է Սուարեսից’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Բազեների» նոր խմբաքանակ է անհրաժեշտ’