‘Գալուստ Սահակյանը սահման մեկնելու հարցով խորհրդակցություն է հրավիրել` առանց Կոնգրեսի ներկայացուցչի’

1019

Մեր տեղեկություններով, այս պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով խորհրդակցություն է ընթանում, որին մասնակցում են ՊՆ ներկայացուցիչներ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների անդամներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են օգոստոսի 5-ին ձեռք բերված` սահմանամերձ գոտի մեկնելու պայմանավորվածության տեխնիկական մանրամասները:

Ուշագրավ է, սակայն, որ ԱԺ նախագահը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրես խմբակցությանը:

iLur.am-ի հետ զրույցում Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաստատեց այս տեղեկությունը` հավելելով, որ փորձում է պարզել, թե ինչու խմբակցությանը հրավեր չի ուղարկվել:

«Եթե համատեղ այց է կազմակերպվում, որի մասին նախօրոք համատեղ հայտարարություն է տարածվել, տարօրինակ է, որ չեն մեզ հրավիրել` համատեղ քննարկելու այդ այցի պլանը», — նշեց Զուրաբյանը:

ԱԺ լրատվական ծառայությունից խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց. ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հավանաբար գտնվում է «արձակուրդի ռեժիմում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես եկան հայոց բանակին և զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաև որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ և հանդիպումներ անցկացնել հայրենիքի պաշտպանության գործով զբաղված զինվորների և հրամանատարական կազմի հետ: Օգոստոսի 7-ին, սակայն, հայտնի դարձավ, որ ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության՝ պետք է տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ և ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը: Կոնգրեսի խմբակցությունը հրաժարվեց մասնակցել Հովիկ Աբրահամյանի «գլխավորած» այցելությանը` նշելով, որ այցելության ձևաչափի փոփոխությունը նպատակ ունի Աբրահամյանի քարոզչությունն անել: 

Նախորդ հոդվածը‘Կալիֆորնիայում բժիշկը այցելուին «քրոնիկական հոմոսեքսուալիզմ» է ախտորոշել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը կմնա կալանքի տակ ‘