‘
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քիչ առաջ ավարտվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկի շուրջ խորհրդարանական խմբակցությունների խորհրդակցությունը, որը բավականին կարճ է տևել և որևէ արդյունք չի տվել:
12 կետերի առթիվ բանակցել պետք չէ, դրանք լուծել է անհրաժեշտ: Այսպես է արձագանքել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանըˋ մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի առաջարկը: ԲՀԿ մամուլի խոսնակը նաև հավելել է, որ իշխանությունն է տիրապետում 12 կետերի լուծելու լծակներին և որ իշխանությունը պետք է բավարարի ժողովրդի պահանջը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցության է հրավիրել ոչ իշխանական խմբակցություններին՝ քննարկելու ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ թեեւ կառավարությունը անդրադարձել կամ իրականացրել է 12 կետերից մի քանիսը, բայց պատրաստ է քննարկումների:
«Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,- ասված է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:
Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը, մասնակցել են ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը iLur.am-ին տեղեկացրել է, որ խմբակցությունը որոշել է չընդունել Գալուստ Սահակյանի հրավերը: Նա նշել էր, որ պատճառների եւ շարժառիթների մասին ավելի ուշ մեկնաբանություն կտրվի:
‘