‘Գալուստ Սահակյան. Բոյկոտն ինքնաբուխ էր’

1511

Հանրապետական պատգամավորներն ինքնաբուխ են բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության եւ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ էր հրավիրվել` քննարկելու համար պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը:

«Քաղաքական մեծամասնությունն ուժեղ է, իր խոսքն անցնում է, մենք ասել ենք՝ ինչ ուզում եք արեք: Հո ես Սասունցի Դավի՞թ չեմ, որ 70 պատգամավորի կարողանամ արգելակել», — ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահակյանը:

Մինչդեռ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նիստի բոյկոտը կոալիցիոն որոշում է եղել:

Այն, որ բոյկոտն «ինքնաբուխ» չէ, ըստ էության՝ խոստովանեց նաեւ Գալուստ Սահակյանը, որը նշեց բոյկոտի պատճառները: Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, թե մեծամասնությունը կմասնակցի ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին:

«Մտածում էինք` ընդամենը օրենքի կիրառության հետաձգման հարցն է, պարզվեց` ուզում են ծրագրային բովանդակությունը քննարկել», — իրենց դրժումն այսպես բացատրեց ՀՀԿ խմբակցութան ղեկավարը:

Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ մեծամասնությունը այլ տարբերակ չուներ, քան բոյկոտելու արտահերթ նիստը, որովհետև Կառավարության ներկայացրած բյուջեի եկամտային մասը զգալիորեն կախված է կուտակային կենսաթոշակների մասին օրենքից:

«Եթե այս օրենքի նախագծի կիրառումը հետաձգվեր, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա նաև։ Այսինքն, եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,-ասաց նա։ Պատգամավորն այս օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի դեմ։

 

Նախորդ հոդվածը‘Արտահերթ նիստ նախաձեռնած ուժերը քննարկում են հետագա քայլերը ‘
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարներն իրենց պահանջները փոխանցեցին ՀՀԿ գրասենյակ (ֆոտոշարք)’