‘Գալուստ Սահակյան. Էդ գյուղապետարանի ընտրություններն ի՞նչ էին, որ պետք է փող բաժանեինք’

1391

Պռոշյան համայնքի ղեկավարի երեկվա ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը։

Թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվության համաձայն՝ Մուրադյանը դաշնակցական մրցակցի՝ Վովա Սահակյանի նկատմամբ առավելության է հասել 76 ձայնով։ Արթուր Մուրադյանը ստացել է 1317 ձայն, Վովա Սահակյանը` 1241, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178։

Գրանցված 3991 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2799-ը։

Վովա Սահակյանը վայելում էր ապրիլի 2-ին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունը։ Սահակյանի շտաբը խիստ վրդովված է ընտրության արդյունքներից։ Թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ իր բնորոշմամբ` ճնշումներով ու ընտրակաշառքով ուղեկցված այս ընտրության արդյունքները բողոքարկելու է բոլոր ատյաններում։

Սահակյանը պնդում է, որ նույնիսկ պաշտպանության նախարարության համակարգի պռոշյանցի աշխատակիցներին ու զինծառայողներին, ըստ Սահակյանի, հրահանգված է եղել ընտրել հանրապետական թեկնածուին։

Իսկ ահա ԱԺ ՀՀԿ խմբակության ղեկավար Գալուստ Սահակյանը այդ ընտրությունները բարձր է գնահատում, որովհետեւ որեւէ միջադեպ չի գրանցվել:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հերքո՞ւմ է ընտրակաշառքի մասին լուրերը, Սահակյանը հակադարձել է. «Բնականաբար, հերքում եմ այն, ինչ պատճառաբանված չէ, հերքման է արժանի, որեւէ փաստ չի արձանագրվել: Կամ էդ գյուղապետարանի ընտրություններն ինչ էին, որ պետք է փող բաժանեինք»:

ՀՅԴ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անել երեկ Պռոշյան համայնքում կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրությունների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասել է, որ այսօր օրվա ընթացքում իրենք կքննարկեն ամենը, հետո նոր միայն մեկնաբանություններ կանեն, որպեսզի դրանք հիմնավոր լինեն:

Նախորդ հոդվածը‘Օրվա «Ցիտատ». Շմայս. Մինչև արյանս վերջին կաթիլը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը հրահրեց բանավեճը եւ լռեց ‘