‘
«Իշխանությունները որևէ զիջումներ անելու խնդիր չունեն, իշխանությունները մեկ խնդիր ունեն՝ այն ծրագրերը, որոնք մենք փորձում ենք իրողություն դարձնել, ինչքան որ մասնակիցներ լինեն, թեկուզ և ընդդիմություն, դրանք, կարծում եմ, ավելի մեծ քայլերով առաջ կգնան»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ նման բան չլինելու դեպքում իրենց ուժը «լրիվ բավարարում է, որ այն, ինչ խոստացել են ժողովրդին, հընթացս իրագործեն»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակին, ապա Սահակյանը կարծում է, որ նամակում բովանդակություն չկար, քանի որ պիտի փորձառու լինել՝ հասկանալու համար, որ պետության, քաղաքական պրոցեսների կարևորագույն խնդիրները միանգամից լուծվող խնդիրներ չեն, և դա հարթակային և միտինգային եղանակով չի լուծվում:
«Միտինգներին ընդամենը կարող են իրենց տեսակետները միակողմանի արտահայտնեն կամ հացադուլ հայտարարեն, իսկ լուրջ խնդիրները, որոնք կապված են ազգի և պետության հետ, դրա համար այլ հարթակներում են լուծում: Ընդհանուր առմամբ, ստացվում է այնպես, որ եթե ընդդիմադիր ես, ու ամբիցիաներդ բավականին հեռահար նպատակներ ունեն, նամակներով, հեռախոսով խնդիրներ լուծել ես լուրջ չեմ համարում»,- կարծիք հայտնեց Սահակյանը:
Նրա համոզմամբ՝ նման «անհեթեթ մոտեցումներ» կարելի է ձևավորել այն դեպքում, երբ խոսքն այն խնդիրների մասին է, որոնք պետք է լուծվեն քաղաքական թիմերի համար, և այդ մոտեցումներն անըմբռնելի են նաև հասարակության մեծամասնության համար: Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում՝ կա հասարակական բողոք ու պահանջ, Սահակյանն արձագանքեց, թե հրապարակի զանգվածը հասարակության փոքրիկ մասիկն է միայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն ապահովել է մասամբ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի ընտրազանգվածը, այնինչ Սերժ Սարգսյանի ձայները նրանն են:
«Չեմ կարծում, որ անձը, որն ունի հաստատուն ընտրազանգված, պիտի անընդհատ փորձենք ինչ-որ որևէ դիրքեր, որոնք մեր ժողովրդի համար հաստատուն չեն կարող լինել, բերել քաղաքական դաշտ: Մենք ամուր պետություն ունենալու խնդիր ունենք, և այդ կոնտեքստում արձագանքում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին»,- հայտարարեց Սահակյանը:
‘