‘Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթին բացասական եմ վերաբերվում ‘

791

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացասական է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի՝ Ազգային ժողով ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել ընտրական եւ քրեական օրենսգրքերում: Սահակյանն իր կարծիքը հիմնավորեց բավականին ուշագրավ կերպով` խոսելով, ոչ թե ընտրություններիի վերաբերյալ առաջարկների, այլ` Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Կոնգրեսի առաջարկի մասին:  

«Հանձնաժողով կազմել ենք, բազմաթիվ գրություններ են ուղարկվել ՀԱԿ-ին, չի ցանկացել մասնակցել, հիմա էլ մենք չենք ցանկանում մասնակցել: Ժամանակին քննարկվել է հարցը, խորապես ուսումնասիրված է, նրանք այնպես են հիմնավորումները ներկայացրել, կարծես թե մենք լիազոր մարմինների լիազորությունները պիտի վերցնենք, թազա դատարան ու դատախազություն պիտի սարքենք, որ գործը քննեն»,- ասաց Սահակյանը: 

Հարցին, թե գուցե հանրապետականները մտավախություն ունեն ընտրական փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում կորցնե՞լ քաղաքական մենաշնորհը, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ հանրապետականները երբեք մտավախություններ չեն ունենում, քանի որ նպատակային խնդիրներ են լուծում, իսկ մտավախություն ունեն բոլոր նրանք, ովքեր փորձում են սենսացիոն ինչ-որ մոտեցումներով որոշակիորեն կարգավիճակ հաստատել: Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդար ընտրությունների անցկացումը նպատակային խնդիր չի՞ համարում: 

«Հենց խնդիրն էլ շատ գլոբալ է դրված, նախևառաջ՝ մեր նպատակը հետևյալն է՝ լավ ընտրություններ անցկացնելը, և մենք այսօր զբաղված ենք միայն դրանով: Խորհրդարանական ընտրությունները լավն էին, ձգտում ենք ավելի լավին»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ-ականը:

Նախորդ հոդվածը‘Երևանը և Մոսկվան կքննարկեն ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության ձևաչափը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է Արա Աբրահամյանին ‘