‘Գալուստ Սահակյան. Հաճախ եմ միջնորդագրերով հանդես գալիս’

1209

Արդեն հինգ ամիս է, ինչ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը և նրա երկու ընկերները գտնվում են կալանքի տակ, նրանք մեղադրվում են 36 հազար դրամի դեզ վառելու մեջ: Մի քանի օր առաջ Արամ Մուղալյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորությամբ հանդես եկան Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Արտակ Դավթյանը, որոնք վստահեցնում էին, որ Արամ Մուղալյանը, գտնվելով ազատության մեջ, դատավարության ընթացքում կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի դատարան ներկայանալուց և կկատարի իր դատավարական պարտականությունները: Դատարանը ,սակայն ,հոկտեմբերի 7-ին մերժեց այս միջնորդությունը:

Ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը Գալուստ Սահակյանի հետ:

Պարոն Սահակյան, դուք Մուղալյանի գործով անձնական երաշխավորագիր եք ներկայացրել՝ հավաստիացնելով, որ Մուղալյանը չի խուսափի դատավարությունից, եթե նրա կալանքը փոխվի, բայց դատարանը հաշվի չառավ այդ երաշխավորագիրը և չփոխեց Մուղալյանի խափանման միջոցը: Ի՞նչ կարող եք ասել սրա առնչությամբ:

-Ես կարծում եմ, որ համաներման պայմաններում նա ազատ կարձակվի, ըստ մեր օրենսդրության՝ երաշխավորել կարելի է, բայց երաշխավորագիրը իրավական փաստաթուղթ չէ:

Իսկ այն փաստը, որ Մուղալյանը մեղադրվում է ընդամենը 36 000 դրամի խոտի դեզ վառելու մեջ և արդեն  5 ամսից ավելի է՝ կալանավորված է, մինչդեռ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) որդին, մարդ սպանելուց հետո՝ երեք ամիս էլ չանցած, ազատ արձակվեց, չի՞ խոսում արդյոք այն մասին, որ մեզ մոտ արդարադատությունը կիրառվում է ընտրովի:

-Յուրաքանչյուր քրեական գործ ունի իր առանձնահատկությունը: Ես չեմ էլ ճանաչում այդ երիտասարդին, բայց շահագրգռված եմ, որ դրական լուծում տրվի:

Բայց արդյոք այս երկու գործերի համեմատությունը չի՞ վկայում այն մասին, որ արդարադատությունը մեր երկրում կիրառվում է ընտրովի:

-Քրեական գործերը և քաղաքացիական գործերը համեմատելի չեն, յուրաքանչյուր դեպք իր խնդիրներն ունի, օրենքի իր պահանջներն ունի, իսկ ես շահագրգիռ եմ, որ այս գործը դրական ավարտ ունենա և կունենա, սա է իմ խնդիրը, այսինքն՝ ես, որպես քաղաքացի, որպես մարդ՝ փորձում եմ օգտակար լինել:

Պարոն Սահակյան, որքան հիշում եմ՝ սա առաջին անգամ է, որ հանդես եք գալիս նման երաշխավորագրով, ինչո՞ւ առաջ հանդես չէիք գալիս, երբ մի շարք պատգամավորներ և հայտնի մարդիկ երաշխավորագրեր տվեցին Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու համար:

-Ես հաճախ եմ միջնորդագրերով հանդես գալիս տարբեր գործերով:

Կարեն Թովմասյան 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. ԵԽ-ն, Պաղեստինից և Հյուսիսային Կիպրոսից զատ՝ պետք է աշխատի նաև Լեռնային Ղարաբաղի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալը կարել է բերանը ‘