‘Գալուստ Սահակյան. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կատարողները բացահայտված են, իսկ նրանց ուղղորդողները` ոչ’

987

Այսօր հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, ԱԺ մի շարք պատգամավորներ խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:

Արմինֆոյի փոխանցմամբ, Ծաղկեպսակ դնելով ողբերգության զոհերի հուշակոթողին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հայտարարել է, որ չի կասկածում այն բանում, թե ով է հանդիսանում հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչը:

«Եթե հասարակությունում կան որոշակի կասկածներ, լիազոր կառույցները պետք է հետևողական լինեն, որպեսզի փարատեն դրանք Բայց ես վստահ եմ, որ հանցագործությունը լիովին բացահայտված է»- հայտարարել է նա:

Ահաբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփան Դեմիրճյանը, նշել է, որ իրականում ամեն բան արվել է, որպեսզի գործը կոծկվի, և այսօր որևէ մեկը չի հավատում, որ ահաբեկիչների հետևում ոչ ոք կանգնած չի եղել: 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հայտարարել է, որ ահաբեկչության կատարողները բացահայտված են, իսկ նրանց ուղղորդողները` դեռ ոչ: Նա հավաստիացրել է, որ կազմակերպիչները կբացահայտվեն, երբ «կարողանանք երկրի տնտեսական աճ ապահովել` ուժեղ Հայաստանում»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։

Նախորդ հոդվածը‘«Ո՞ւր է Մեսսին». Մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նվիրված Էլ Կլասիկոյին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ելիսեյան պալատում մեկնարկել է Օլանդ-Սարգսյան հանդիպումը ‘