‘Գալուստ Սահակյան. Միգուցե կոշտ է ասել, բայց չեմ կարծում, որ իրոք պետք է այրեին’

1932

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ iLur.am-ը զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ, որտեղ նա պահանջում էր խարույկի վրա այրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Հիշեցնենք, որ այսօր Ասրյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե ինքը նկատի է ունեցել, որ պետք է այրել ոչ թե Փոստանջյանի մարմինը, այլ՝ արարքը:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿական փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարությանը՝ «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դարկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Ինքներդ նորմա՞լ եք համարում նման հայտարարությունները:

— Նա պարզապես Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում պահվածը բացասական գնահատելու խնդիր է ունեցել: Բնական է, որ շատերին ձեռք է տալիս խոսքն ուղիղ ձեւով հասկանալ: Բայց ես այդ խոսքերն ուղիղ ձեւով չեմ հասկանում: Դա փոխաբերական իմաստով է ասվել: Յուրաքանչյուրն իր արտահայտվելու ձեւն ունի, այնպես որ՝ որեւէ խնդիր չեմ տեսնում:

Բայց չէ՞ որ այս հայտարարության հեղինակը պետական պաշտոնյա է, որը ուղղակի բռնության կոչ է արել: Արդյո՞ք այդ հայտարարությունները հարիր եք համարում պետական պաշտոնյային, փոխնախարարին:

— Ինքն արդեն մեկնաբանել է իր ասածը: Ես էլ եմ կարծում`ինքը փոխաբերական իմաստով է արտահայտվել:

Դուք փորձե՞լ եք նրանից պարզել, թե ինչու է այդպիսի հայտարարություններ արել:

— Ես, բնականաբար, չեմ պատրաստվում հաշվետվություն ընդունելու, թե ինչու է այդպես ասել, որովհետեւ միգուցե կոշտ է ասել, բայց չեմ կարծում, որ իրոք պետք է այրեին: Մարդ է, երեւույթը քննադատել է իր ձեւով: Ուղղակի իմաստով այրելու մասին չի խոսել:

— Դուք էլ Փոստանջյանի հայտնի սկանդալից հետո նրան «յոթհարկանի»-ով պատասխանելու մասին էիք խոսում: Հիմա Ասրյանն ավելի առաջ է գնացել` այրելու մասին է խոսում:

— Կարող է գնահատականներն ավելի զուսպ լինեն, բայց` ավելի հարվածող լինեն: Միշտ էլ կարելի է ավելի զուսպ հայտարարություններ անել: Բայց դե` խոսքի ազատություն է մեր երկրում: Այդպես որ նայենք, սոցիալական կայքերի դերակատարներին էլ պետք է մեղադրենք իրենց ամենօրյա լպիրշ խոսակցությունների, հրահրումների համար:

— Արդյո՞ք բռնության այդ կոչերը պետական քաղաքականության, ՀՀԿ-ի քաղաքականության մաս չեն:

— Ոչ: Ոչ էլ ես բռնության կոչ եմ ենթադրում: Փոխաբերական պիտի ընդունել ասվածը: Նա ինչ-որ բան պիտի ասեր, ասելիքն այդպես է շարադրել: Փոխաբերական հասկացեք միտքը, կտեսնեք, որ բռնության կոչ չի արել:

— Արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե այսքանից հետո Ասրյանը հրաժարական տար, թե՞ շարունակելու է փոխաբերական իմաստով մարդկանց ահաբեկել:

— Առանձին մարդկանց դատողությունն է դա: Ամեն մարդ ինքն է տնօրինում իր խոսքն ու գործը:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Փոստանջյանի՝ սուտը որպես փաստ մատնանշելու աննպատակ փորձերը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Ալիևի վերընտրությունը’