‘Գալուստ Սահակյան. Սյունիքի մարզպետը հրաժարական չի տվել’

2368

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

— Պարոն Սահակյան, Գորիսում տեղի ունեցած կրակոցների գործով կալանավորվել են Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը: Ինքներդ ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվածը, քանի որ պատմության կիզակետում հենց ձեր կուսակցության անդամն է:

— Ոչ միայն մեր կուսակցության անդամը, այլեւ ցանկացած քաղաքացի, որը նման պատմության մեջ է ընկնում, շատ ցավալի է: Բայց պետք է սպասել գործի ավարտին, որովհետեւ ամբողջ դատական համակարգը անմեղության գործոնի հետ է կապված: Մինչեւ հետաքննչական պրոցես չլինի, այնպես չի, որ դանակավորներն անընդհատ շատանան: Երբ մեղադրանք կառաջադրվի, երբ դատ-դատաստան կլինի, այդ ժամանակ էլ կուսակցությունն իր տեսակետը կասի այս դեպքում ոչ թե իր կուսակցի նկատմամբ, այլ՝ տվյալ ոճիրի եւ ոճրագործների համար:

— Իսկ ՀՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն կրու՞մ է կատարվածի համար, թե ոչ:

— Սովորաբար, ինչպիսի բացասական երեւույթներ էլ պետության ներսում կատարվեն, բնականաբար, որպես իշխող կուսակցություն, պատասխանատվություն կրում ենք: Բայց դա չի նշանակում, որ մեղավոր ենք:

— Առաջին անգամը չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կամ նրա ընտանիքի անդամները որեւէ կրիմինալ պատմության կիզակետում են հայտնվում:

— Ես կողմնակից եմ, որ մարդիկ, որոնք դերակատարություն ունեն հասարակության մեջ, անկախ նախկինում իրենց կատարած ծառայություններից, նման պատմությունների մեջ չընկնեն: Բայց դա չի նշանակում, որ պատմության մեջ ընկնում ու դառնում են հանցագործ, ինչպես այսօր փորձում են ներկայացնել հասարակությանը:

— Ի վերջո հասկանալի չեղավ՝ Սյունիքի մարզպետը հրաժարական ներկայացրե՞լ է, թե՞ ոչ. հայտարարության տեքստը հստակ չէր:

— Չեմ ուզում խորանալ, բայց, բնականաբար, հրաժարական է՝ իր մեկնաբանությամբ մինչեւ ամեն ինչ պարզվի, ջրի երես դուրս գա: Իր հայտարարությունը եթե վերլուծենք, ապա ինքը չի գտնում, որ մեղսակից է կամ մեղավոր է:

— Այնուամենայնիվ, կառավարության նիստում նրա պաշտոնանկության հարցը դրվելո՞ւ է, թե՞ ոչ:

— Նման խնդիր չկա, չի էլ քննարկվել, ոչ էլ հրաժարական է տվել:

— Այսինքն՝ սա հրաժարականի դիմում չէ՞ր:

— Ոչ, սա հրաժարական չէ, այլ՝ ժամանակավոր կասեցնում է իր գործունեությունը:

— Մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Ռուբեն Հայրապետյանը, «Հարսնաքարում» կատարված սպանությունից հետո, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից դուրս գալով՝ հայտարարություն տարածեց մանդատը վայր դնելու մասին: Այս դեպքում ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանն այդպես չի վարվում:

— Բարոյական քայլ էր, իր կամքի արտահայտությունն էր դա: Ռուբեն Հայրապետյանը ոչ թե հանցագործ էր, մեղավոր էր, դրա համար վայր դրեց մանդատը, այլ՝ բարոյական քայլ էր, որովհետեւ առնչվում էր իր ընտանեկան բիզնեսի հետ: Կարծում եմ՝ կարելի է քննարկել: Համենայն դեպս, երկու դեպքերն իրարից առանձնանում են:

— Ստացվում է՝ Ռուբեն Հայրապետյանն ավելի բարոյական գտնվե՞ց, քան Սուրիկ Խաչատրյանը, որովհետեւ մարզպետի դեպքում էլ սպանությունը կատարվել էր հենց իր տան մոտ՝ իր որդու եւ թիկնապահի կողմից:

— Այդպես չափիչ գործիքներ չկան. բոլոր մարդիկ էլ բարոյական են: Իսկ ովքեր հանցագործներ են, հանցագործներ են ու պատժվում են օրենքի ուժով:

— Ուղղակի՝ Ռ.Հայրապետյանը վայր դրեց մանդատը, որ ստացել էր ընտրությունների արդյունքում, իսկ այս դեպքում մարզպետին նշանակում եւ ազատում է կառավարությունը, այլ ոչ թե ժողովորդն է ընտրում: Ինչո՞ւ կառավարությունը վերաբերմունք չի ցուցաբերում այս դեպքում:

— Ես ինքս դեմ եմ եղել, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դնի, բայց դա իր կամքի արտահայտությունն է եղել: Ըստ երեւույթին՝ այն ազդեցությունն ու մոտեցումները, որ ձեւավորվել էին նրա մոտ, այդ քայլին հանգեցրին: Բայց պարտադիր չէ, որ բոլորն էլ նույն քայլերն անեն: Դա ամենքի կամքի արտահայտություն է:

— Իսկ ի՞նչն է պատճառը, որ նման պատմություններում ՀՀԿ ներկայացուցիչներն են պարբերաբար հայտնվում:

— Չեմ կարծում, որ միայն ՀՀԿ ներկայացուցիչների վերաբերյալ է նման երեւույթներ առաջանում, պարզապես՝ որպես իշխող կուսակցություն, հարվածները պետք է ավելի շատ լինեն, որովհետեւ ունենք մրցակիցներ, հակառակորդներ, որոնք ցանկացած երեւույթ կկարողանան նաեւ դարձնել քաղաքական շահարկումների թեմա:

— Էն, որ ասում են՝ ՀՀԿ-ում կրիմինալները շատ են, միգուցե դրա պատճառո՞վ է այդպես ստացվել:

— Մարդիկ ինչպիսին են, այդպիսին էլ տեսնում են իրականությունը: Եթե կրիմինալ հոգեբանություն ունեն, բոլորն իրենց աչքին կրիմինալ են: Իմ աչքին ոչ մեկը կրիմինալ չի երեւում: Ես կողմնակից եմ՝ եթե մարդը հանցանք է կատարում, պետք է պատժվի:

— Արդյոք Ս.Խաչատրյանին պաշտոնանկ չանելու պատճառն ա՞յն է, որ առջեւում չորս տարի ընտրություններ չեն լինելու: Իսկ Ռ.Հայրապետյանը մանդատը վայր դրեց, որովհետեւ առջեւում սպասվում էին նախագահական ընտրություններ:

— Դա մեր մրցակիցների կամ հակառակորդների տեսակետն է, ենթադրություններ են անում, մեղադրանքներ առաջադրում ՀՀԿ-ին: Իսկ հասարակական երեւույթներն այնպիսին են, որ մարդկային ողջ պատմության ընթացքում հանցագործությունը միշտ էլ ուղեկից է եղել, իսկ հասարակությունը փորձում է մեղմել դա կամ իսպառ վերացնել:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցության նվերը Սերժ Սարգսյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Կրիշտիանու Ռոնալդուն շատ խորամանկն է’