‘Գալուստ Սահակյան. Քաղաքական կոնյուկտուրայից ելնելով պաշտպանել եմ «երկիրը քանդող» որոշումը’

1957

‘

Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, ժամանակին, իր որակմամբ, «երկիրը քանդող» որոշումներին կողմ է քվեարկել:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո, երբ պատգամավորը սուր քննադատության ենթարկեց համայնքների խոշորացման՝ կառավարության ներկայացրած ծրագիրը, Սահակյանը դիմեց նախագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին:

«Խնդրում եմ այդ ժամանակաշրջանը վերականգնեք, դա 96 թիվն էր (երբ տեղի ունեցավ ՀՀ ներկայիս վարչա-տարածքային բաժանումը-խմբ.), որից սկսվեց քանդվել ամբողջ երկիրը: Իհարկե, քաղաքական մոտեցումների, պայմանավորվածությունների հետեւանքով ես այդ օրենքին կողմ եմ քվեարկել, որի համար ներողություն եմ խնդրում»,- ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ առաջին գումարման Ազգային ժողովում ներկայացված ՀՀԿ-ն պաշտպանում էր գործող իշխանություններին, եւ միայն 1998-ի հեղաշրջումից հետո կուսակցությունը սկսեց քննադատել նախկին իշխանություններին:  

 

‘

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ներում է շնորհել 5 դատապարտյալի’
Հաջորդ հոդվածը‘«Աջ սեկտորը» վետերաններին նախազգուշացրել է մայիսի 9-ին գեորգիևյան ժապավեններ չկրել’