‘
Տարիներ առաջ բազմահազարանոց հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կանխատեսում էր արել օլիգարխիայի ապագայի մասին: Կանխատեսման էությունը մոտավորապես այն էր, որ Սերժ Սարգսյանն իր ագահության և մտածողության դեֆեկտի պատճառով շատ կարճ ժամանակում նրանց բոմժ է սարքելու: Դիմելով օլիգարխներին, առաջին նախագահը նրանց կոչ արեց սթափվել:
Հիմա կարող ենք արձանագրել, որ առաջին նախագահի կանխատեսումը արդեն իրականություն է դարձել: Խոշոր փողատերերի 99 տոկոսը անցել է Ս. Սարգսյանի թրի տակով: Դա արտահայտվում է կամ խոշոր մասնաբաժիններ նվիրելով, կամ` սնանկացումներով, կամ` Հայաստանից արտագաղթելով:
Առաջին նախագահի խոսքում կարելի է գտնել միայն մեկ վերապահում՝ կան օլիգարխներ, որոնք ի սկզբանե, մտածողությամբ ու կենսագրությամբ, բոմժ էին ու Ս. Սարգսյանը նրանց այդպիսին դարձնելու խնդիր չուներ: Այդպիսի օլիգարխների կարկառուն ներկայացուցիչը՝ Լֆիկ Սամոն է:
Հին օրերի Լֆիկը
Շատերն են հիշում ոչ վաղ անցյալի Լֆիկին՝ կեղտոտ, մաշված հագուստով, քթից մշտապես ինչ-որ բան կախված: Նրա տնտեսական վերելքը և մարդամեջ դուրս գալը մեծապես պայմանավորված էր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) գործոնով: Քաջատեղյակերն ասում են, որ նույնիսկ իր ֆիզիկական գոյության համար է Լֆիկը պարտական իր քավորին: Բայց, Լֆիկը Լֆիկ չէր լինի, եթե նեղ օրում հայտնված իր քավորին չուրանար: Երբ 2008-ից սկսվեցին հետապնդումները Հակոբ Հակոբյանի հանդեպ, Լֆիկը ամեն կերպ խուսափում էր նրանից: Ի վերջո եկավ մի պահ, երբ Լֆիկը Հ. Հակոբյանից որևէ ակնկալիք չուներ, ու դարձյալ լֆիկավարի կատարեց հաջորդ քայլը: Ասում են` նա հրաժարվել է իր ընտանիքի քավորից ու նոր քավոր է ընտրել` ի դեմս Տաշիրի Սամվելի:
Լֆիկի մասին բազմաթիվ հետաքրքիր ու սահմռկեցուցիչ պատմություններ են շրջում քաղաքում: Ասում են, որ լինելով խոշոր միլիոնատեր` նա հրաժարվել է վճարել իր եղբոր երեխաների ուսման վարձը, ինչի արդյունքում նրանք չեն կարողացել շարունակել ուսումը:
Նոր ժամանակների Լֆիկը
Մոտ օրերս տեղի է ունենալու Փակ շուկայի տարածքում հերթական Երևան Սիթիի բացումը: Բոլորիս աչքի առաջ, իշխանության թողտվությամբ Լֆիկը արեց իր ուզածը՝ այլանդակեց մեր քաղաքի ուրույն դիմագծերից մեկը: Այլանդակեց ճարտարապետության գոհարներից մեկը: Եթե քաղաքապետը, մշակույթի նախարարը, վարչապետը, «նախագահը» հովանավորում են մեկ կիսագրագետի, դա ամենեւին էլ չի նշանակում, որ Լֆիկը մարսելու է այս արարքը:
Նա, բառիս բուն իմաստով, թքել է հայ ժողովրդի վրա: Իսկ նման արաքները սովորաբար չեն մարսվում: Ցանկացած հաջորդ իշխանության առաջին ցուցադրական քայլերից մեկը պետք է լինի Փակ շուկայի ազգայնացումը: Լֆիկը իրավունք չունի լինելու նման ճարտարապետական կոթողի սեփականատերը: Ի դեպ, Սերժից հետո ցանկացած իշխանության պարագայում Լֆիկը պետք է պատասխան տա Երևան Սիթիների գործունեության արդյունքում տուժած, սնանկացած, արտագաղթած տասնյակ հազարավոր միջին ու փոքր խանութատերերի, կրպակատերերի առաջ: Նա պետք է հատ-հատ բացահայտի եւ ասի, թե Երևան սիթիներից ում եւ ինչքան փայ էր տալիս` ժողովրդին ազատորեն սնանկացնելու թույլտվություն ստանալու դիմաց: Այդ օրը, անշուշտ, գալու է: Ու այդ օրը շատ ավելի մոտ է, քան լֆիկատիպերին թվում է:
Լֆիկի եւ նրա նմանների մասին այլ ահասարսուռ եւ հետաքրքիր պատմություններ էլ կան եւ իրավիճակն ու հասարակական պահանջը թելադրում են, որ դրանց մասին հասարակությունն աստիճանաբար պետք է իմանա: Այնպես որ, ամենահետաքրքիրը դեռ առջեւում է:
Արմեն Ավագյան
‘