‘Գաղտնի տեղեկատվության արտահոսք, որ կապ չունի Սնոուդենի հետ’

1019

ԱՄՆ-ում հայտնվել է գաղտնի տեղեկատվության տիրապետող հերթական անձը, որն այն բացահայտում է: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների: Վերջիններիս խոսքով՝ նոր արտահոսքը կապ չունի Էդուարդ Սնոուդենի գործունեության հետ, քանի որ հասանելի են դարձել այնպիսի փաստաթղթեր, որոնք պատրաստվել են 2013 թ. օգոստոսին, այսինքն՝ Սնոուդենի հեռանալուց հետո:

Այդ փաստաթղթերի հիման վրա The Intercept կայքում հոդված է հրապարակվել, որի  հեղինակներից մեկը լրագրող Գլեն Գրինվալդն է, ով նախկինում հրապարակել էր նաև Սնոուդենի փաստաթղթերը: Փաստաթղթերում խոսվում է ահաբեկիչների և ահաբեկչության մեջ կասկածվողների տվյալների բազան ընդլայնելու մասին: Մասնավորապես, նշվում է, որ այն անձանց թիվը, ում մուտքն ԱՄՆ արգելվում է, Օբամայի օրոք ավելացել է ավելի քան 10 անգամ՝ հասնելով 47 հազարի: Նաև մանրամասներ են հաղորդվում, թե, օրինակ, ի՞նչ կազմակերպություններում են ընդգրկված ահաբեկչության մեջ կասկածվողները, ի՞նչ տվյալներ են այդ մարդկանց վերաբերյալ հավաքագրում ամերիկյան իշխանությունները:

CNN-ը ընդգծում է՝ հղում անելով սեփական աղբյուրներին, որ ահաբեկչության մեջ կասկածվողների տվյալների ամենամեծ բազայում այժմ  մոտավորապես մեկ միլիոն մարդ  կա: The Intercept-ը նշում է, որ դրանց 40 %-ը ոչ մի ահաբեկչական կազմակերպության մեջ ընդգրկված չէ: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կոչ է արել դադարեցնել պատերազմը Ղարաբաղում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի իրավապաշտպանները կալանավայրերից «սատարում» են Իլհամ Ալիևին’